Իրանը մտադիր է ավելացնել մինչև 5 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը. Սալեհի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ համաձայնության գալուց հետո մտադիր է ավելացնել մինչև 5 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը.
«Մինչև 5 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը չի կրճատվի, ընդհակառակը՝ կմեծացվի: Սակայն մենք պարտավորվել ենք հետագա վեց ամիսներին ուրան չհարստացնել մինչև 20 տոկոս»:
Նշվում է, որ Իրանը, «Վեցյակի» հետ պայմանավորվածության համաձայն, պարտավորվել է իր տրամադրության տակ առկա մինչև 20 տոկոս հարստացված ուրանի կեսը թողնել օքսիդային վիճակում՝ որպես աշխատանքային պաշար՝ Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելիք արտադրելու նպատակով:
Մնացյալ մասը պետք է նվազեցվի մինչև 5 տոկոսի: Բացի այդ, Իրանը պարտավորվել է ուրանը չհարստացնել 5 տոկոսից ավելի: Սալեհին ընդգծել է, որ Իրանը «Վեցյակի» հետ համաձայնագիր ստորագրելու արդյունքում ոչինչ չի կորցրել, մինչդեռ պատժամիջոցների համակարգը «ցնցվել» է: Նա հավելել է, որ Իրանը միայն համաձայնվել է դադարեցնել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը: