
ԱՄՆ-ն Աֆղանստանին սպառնում է ամբողջովին դուրս բերել իր զորքերը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է ձեռնամուխ լինել Աֆղանստանից իր զորքերի ամբողջովին դուրսբերմանը, եթե այդ երկրի նախագահ Համիդ Կարզայը չստորագրի անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը:
Նշվում է, որ համաձայնագրի ստորագրման հարցում տարբեր դիրքորոշումներ են ցուցաբերել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը և Համիդ Կարզայը: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել երեկ, Քաբուլում:
Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշված է, որ Աֆղանստանի նախագահը տվյալ համաձայնագիրը ստորագրելու համար առաջ է քաշել մի շարք նախապայմաններ և հասկացնել է տվել, որ պատրաստ չէ անհապաղ ստորագրել այն:
Ռայսն իր հերթին ընդգծել է, որ համաձայնագրի անհապաղ չստորագրվելու դեպքում ԱՄՆ-ը չի ունենա այլ ընտրություն, քան 2014 թվականին իր զորքերն ամբողջովին Աֆղանստանից դուրս բերելը:
Ռայսը ոչ նպատակահարմար է համարել համաձայնագրի ստորագրումը հաջորդ տարի Աֆղանստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո թողնելու վերաբերյալ Կարզայի որոշումը: