Հայկ Ալումյանը գիտի նախաքննական մարմնի պլանները. գործն ուզում են կարճել

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Հարուցված քրեական գործով միակ մեղադրյալն այժմ Արտակ Բուդաղյանն է: Գործը քննող քննիչ Ալեքսան Ղազարյանն իր կողմից կայացված որոշումների բողոքը դատարանում քննելու ընթացքում հայտարարել է, որ դեպքի հետ կապված որոշ դրվագների առնչությամբ ինքը պետք է իրավական գնահատական տա:

Բուդաղանների փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանի հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել սեպտեմբեր ամսից, երբ կայացվել են Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները:

«Ես այն կարծիքին եմ, որ այդ նախաքննությունն իրենից իմիտացիա է ներկայացնում: Զուտ նրա համար է դա հիմա իրականացվում, որպեսզի պատճառ լինի քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ նա բողոքարկել է Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց ազատ արձակելու մասին որոշումները. Հայկ Ալումյանը բողոքարկել էր նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:

Կարդացեք նաև

Նախաքննական մարմինը նշել էր, որ Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը կատարել է Քրեական օրենսգրքով նախատեսված գործողություններ, սակայն նրա մահվան պատճառով դադարեցրել էր քրեական հետապնդումը:

Հայկ Ալումյանը նշեց, որ այն դրվագները, որոնք նախաքննական մարմինը շարունակում է քննել, պարզ դրվագներ են.

«Իրենք ասում են՝ քննում ենք ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած դեպքը: Այդ դեպքով երեք հոգի մարդ են եղել, որոնցից էլ մեկը մահացած է, երկու հոգու պետք է հարցաքննեն: Երևի իրենք մի քանի անգամ հասցրել են հարցաքննել: Հասկանալի է, որ դա այն բանը չէր, որ վեց ամիս քննվեր: Անհեթեթություն է ուղղակի այդ դրվագը կամ Արտակ Բուդաղյանին վերագրվող սպառնալիքի դրվագը քննել վեց ամիս, մանավանդ որ այն, ինչ Արտակ Բուդաղյանին է վերաբերվում, տեսանյութը կա:

Այդ ամենից ելնելով՝ իմ կարծիքը վաղուց եմ ձևավորել: Հստակ է, որ այդ ամեն ինչը արհեստականորեն ձգձգելու նպատակ է հետապնդում, որպեսզի դատարան չներկայացվեն քրեական գործի նյութերը»:

Հ. Ալումյանի խոսքով՝ ՊՆ քննչական մարմինը դեռևս շարունակում է նախաքննություն իրականացնել գործի այն դրվագների մասով, որոնք վաղուց կարող էր ավարտված լինել:

«Հենց այն նույնը օրերին՝ սեպտեմբերի 6-ին և 7-ին, երբ կայացվել են տխրահռչակ որոշումները (խոսքը որոշումների մասին է, համաձայն որոնց՝ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանն ազատ էին արձակվել, իսկ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր նրա մահվան պատճառով:- Օ.Հ.), այս մասով էլ նախաքննությունը կարող էր ավարտված լինել: Զավեշտ է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի գործողությունների գնահատականներ տալը իրենցից երկու անգամ ավելի կարճ ժամանակ է խլում, քան իմ նշած հարցերինը»,- ասաց Հ. Ալումյանը:

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը ցանկանում է կարճել հարուցված քրեական գործը: «Սպասում են, որպեսզի դատարանները քննեն, վերջացնեն իմ բողոքները, մերժեն դրանք, որովհետև այն նյութերը, որոնք ինձ պետք են, իրենք չեն տրամադրել, հետո այդ քրեական գործի վարույթը կարճեն, որովհետև իրենք անպայման կարճելու են: Իրենց ձեռնտու չէ, որ Արտակ Բուդաղյանի գործը գնա, հասնի դատարան:

Չէ՞ որ եթե Արտակ Բուդղայանի մասով գործը հասավ դատարան, այնտեղ բացահայտվելու է, որ Արտակ Բուդաղյանը մեղավոր չէ, իսկ մեղավորները պարզ է՝ ովքեր են: Դրա համար իրենք Արտակ Բուդաղյանի մասն էլ աշխատելու են դատարան չուղարկեն, կարճեն: Բայց դա անելու են այն բանից հետո, երբ այս բողոքները քննվեն իրենց կողմից ներկայացված սակավ նյութերի հիման վրա: Դա է իրենց պլանը, բայց իրեն պլանը ձախողվելու  է»,- ասաց Հ. Ալումյանը՝ նշելով, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի քրեական գործը քննվի դատարանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս