Գալուստ Սահակյանը՝ «պզիկներով բիբարաջրով», փայտերով ու բենզինի շշերով Պուտինին Հայաստանից «լարելու» մասին
Ֆեյսբուքյան «Հեղափոխություն» շարժումը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կոչ է անում զինվել «պզիկներով բիբարաջրով», փայտերով ու բենզինի շշերով և Պուտինին «լարել» Հայաստանից: 168.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում այս նախաձեռնությանը:
Ի պատասխան Գ. Սահակյանը նախ ասաց, թե ֆեյսբուքից ընդհանրապես չի օգտվում, և տեղյակ չէ այդ կոչերից, սակայն նշեց, թե այդ կոչերն իրենց համար վտանգավոր չեն:
«Եթե մտածում են՝ այս ակցիան կանեն, մյուս ակցիան կանեն… մեր ժողովուրդը, չեմ կարծում, որ պետք է այնպիսին լինի, որ բոլորը դրական գնահատեն ցանկացած երևույթ, այդ թվում՝ Պուտինի այցը: Չի կարելի մտածել, որ մեծ բան կլինի:
Սահակաշվիլուց հետո, հիշո՞ւմ եք, որ Վրաստանում ԱՄՆ պրեզիդենտը եկավ ի՞նչ ինտրիգներ սարքեցին, հիմա էլ… Այս կոչերի մեջ վտանգներ չեմ տեսնում, հրահրում եմ տեսնում: Հիմա դուք ձեր թաղի բոլոր բնակիչներին ձեր տուն նույն ձևո՞վ եք ընդունում. մարդ կա լավ եք ընդունում, մարդ կա չեք էլ ընդունում, բայց դա չի նշանակում, որ դուք վատն եք, կամ նրանք են ավելի լավը»:
Մեր հարցին, թե ո՞ւմ կողմից են «հրահրվում» այդ ակցիաները, Գ. Սահակյանը պատասխանեց. «Դա իմ թեման չի, եթե նման խդիրներ կան՝ լիազոր մարմինները շատ ուշադիր կլինեն ու երևույթը վայնասունի չի փոխակերպվի»: