Պետք է ընդլայնվի «Աբաշիձե-Կարասին» բանակցությունների ձևաչափը. Մարգվելաշվիլիի խորհրդական
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Վանո Մաչավարիանին կարծում է, որ պետք է ընդլայնվի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գծով «Աբաշիձե-Կարասին» բանակցությունների ձևաչափը.
«Գոյություն ունի երկու ձևաչափ. «Աբաշիձե-Կարասին» և Ժնևյան բանակցությունները: Կարող եմ ասել, որ (Ռուսաստանի հանդեպ) հռետորաբանության փոփոխումը և մեր այն նպատակամղվածությունը, որը նրանք տեսան, ընդունվել է շատ դրականորեն, և դա շատ կարևոր քայլ է:
Այդ հարաբերությունները շատ բարդ վիճակում էին, կան թեմաներ, որոնց շուրջ Վրաստանն ու Ռուսաստանը, ինչպես երևում է, չեն կարող դեռ երկար պայմանավորվել: Համենայն դեպս այդ գործընթացը պետք է սկսվի: Մենք հուսով ենք, որ Ժնևում կա պոտենցիալ՝ ակտիվացնելու համար կոնկրետ թեմաների քննարկումը:
Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ «Աբաշիձե-Կարասին» ձևաչափն ընդունի առավել լայն բնույթ, հնարավորություն ստեղծվի դրա դիվանագիտական հատվածի վրա աշխատելու համար: Դեռ որևէ նախադրյալ չկա Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման համար»:
Հիշեցնենք, որ Աբաշիձեի ու Կարասինի հաջորդ հանդիպումն անցկացվելու է 2014 թվականի փետրվար-մարտին: