
Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսել են նաև ՌԴ-ի հատուկ ծառայությունները. Focus

Focus պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսել են ոչ միայն ամերիկյան, այլև՝ ռուսական հատուկ ծառայությունները: Այս մասին պարբերականին հայտնել է Գերմանիայի պետանվտանգության մարմիններում նրա աղբյուրը:
Պարբերականի տվյալներով՝ գաղտնալսումն իրականացվել է Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան տարածքից: Ընդհանուր առմամբ, Գերմանիայի հատուկ ծառայություններին հայտնի է դիվանագետի անվան տակ երկրում աշխատող 120 ռուս հետախույզի մասին:
Մերկելի բջջային հեռախոսն ընդհանուր առմամբ գաղտնալսել է միայն հինգ երկիր: Աղբյուրներից մեկը պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից բացի, դրանց թվում են ընդգրկվել նաև Մեծ Բրիտանիան, Չինաստանը և ԿԺԴՀ-ը: Ընդ որում, ամերիկացիներն ու բրիտանացիներին արդեն իսկ խոստովանել են, որ Բեռլինում իրենց դեսպանատների տանիքներին տեղադրել են գաղտնալսող սարքավորում:
Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն բացառում, որ իրականում Բեռլինում ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ զբաղվել են ևս մի քանի երկրներ, սակայն այդ մասին ապացույցներ դեռ չկան:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ գերմանական հակահետախուզությունը կասկածներ ունի, որ Բեռլինի կառավարական թաղամասում գտնվող Ռուսաստանի դեսպանատունը զբաղված է լրտեսական գործունեությամբ: