Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը կառչում է անցյալից. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է նրա խմբագրական խորհրդի «Վլադիմիր Պուտինը կառչում է անցյալից» խորագրով հոդվածը, որում նշված է. «Արդեն գրեթե 22 տարի է, ինչ խորհրդային նախկին հանրապետություններն ապրում են որպես ինքնիշխան պետություններ, որոնք ազատ են սեփական հայեցողությամբ յուրաքանչյուր երկրի ու առևտրային բլոկի հետ իրենց քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելիս:

Ըստ էության, այդ հանգամանքը չի առնչվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով անում է ամեն հնարավոր բան՝ խանգարելու համար այդ երկրներին՝ Եվրոպայի հետ առավել սերտ կապեր զարգացնելու հարցում, և անգամ սպառնում է նրանցից մեկին գազի մատակարարման դադարեցմամբ, որն անհրաժեշտ է ձմեռն անցկացնելու համար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս շաբաթ հայտարարեց. ««Սառը պատերազմը» պետք է ավարտվի բոլորի համար: Սակայն թվում է, թե ոչ պարոն Պուտինի համար»: Հաջորդ շաբաթ հետխորհրդային 6 երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, պլանավորում են Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել ԵՄ-ի առաջնորդների հետ՝ քննարկելու համար ընկերակցության հետ տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների ընդլայնումը:

2004 թվականին Լիտվան Էստոնիայի ու Լատվիայի հետ մեկտեղ դարձան ԵՄ-ի կազմ մտած առաջին հետխորհրդային հանրապետությունները: ԵՄ-ի հետ առավել սերտ կապերին հավակնելու համար այդ վեց երկրները պետք է առաջընթաց գրանցեն ԵՄ-ի պահանջած ժողովրդավարական ու դատական բարեփոխումների իրագործման հարցում:

Դա կարող է դժվարություն ներկայացնել նրանց մի մասի համար, ինչպես օրինակ Ուկրաինայի պարագայում է, ով ցայժմ չի լուծել ազատազրկման մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի՝ Գերմանիայում բուժում ստանալու հարցը:

Եվրոպայի կողմից ժողովրդավարության խթանման համար առևտրային լծակների գործածումը հանդիսանում է կառուցողական ու խելամիտ քայլ, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի պարագայում, ով փորձում է բռնի կերպ (մահակով) տնտեսական կախվածության մեջ պահել նախկին վասալներին:

ԵՄ-ն առաջարկում է իրատեսական ու գրավիչ բան, իսկ Ռուսաստանը, ով ցանկանում է, որ նրանք մտնեն իր, Բելառուսի ու Ղազախստանի Մաքսային միության մեջ, սպառնալիքներ է առաջարկում:

Սեպտեմբերին Ռուսաստանի վարչապետը (Դմիտրի Մեդվեդև) զգուշացրեց Մոլդովային, որ նա կարող է այս ձմռանը զրկվել (ռուսական) գազից՝ Եվրոպայի հետ իր կապերի ամրապնդման համար: Ապա նա արգելեց մոլդովական գինու ներկրումը: Հաջորդ քայլը հանդիսացավ Ռուսաստանում աշխատող Մոլդովայի տասնյակ հազարավոր քաղաքացիներին վտարելու սպառնալիքը:

Եվ այնուամենայնիվ, Մոլդովայի առաջնորդները չընկրկեցին և շարունակեցին Եվրոպայի հետ բանակցությունները և ներկայումս աշխատում են Ռուսաստանից երկրի ունեցած տնտեսական կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Մոսկվայի կողմից ահաբեկումն ավելի հաջող էր Հայաստանի պարագայում, ով հույսեր է պահպանում Ռուսաստանի աջակցության հետ՝ կապված Ադրբեջանի հետ տարածքային վեճի հետ, և համաձայնվեց մտնել Մաքսային միության մեջ:

Անգամ Լիտվան, ով արդեն իսկ հանդիսանում է ԵՄ-ի անդամ, բախվեց առևտրային ոտնձգությունների, ինչը ենթադրաբար կապված է հաջորդ շաբաթ Վիլնյուսի հանդիպումը հյուրընկալելու հետ (ներկայումս ԵՄ-ում նախագահում է հենց Լիտվան): Նման կերպ Ռուսաստանը սպառնաց նվազեցնել ուկրաինական ներկրումը՝ կապված մաքսային զննումների պահանջների հետ, թեև ԵՄ-ի հետ Ուկրաինայի սերտ կապեր ունենալու ճանապարհին հիմնական խոչընդոտներն առնչվում են ներքին քաղաքականությանը:

Ամեն դեպքում Ուկրաինան, ով ուժեղ է տնտեսական պլանում, հիանալի իրավասություն ունի ընտրել սեփական կուրսը, ինչպես և հետխորհրդային մյուս երկրները:
Խորհրդային Միության մայրամուտի տարիներին նրա վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը լավատեսորեն էր խոսում այն մասին, որ «Սառը պատերազմի» ավարտից հետո միասնական Եվրոպան կտարածվի Ատլանտիկայից մինչև Ուրալ:

Սակայն, թվում է, թե պարոն Պուտինը ձգտում է վերադառնալ այն ժամանակներին, երբ մայրցամաքը բաժանում էր «երկաթե վարագույրը»՝ մթագնելով արևելքում գտնվող նրա արբանյակների ու խորհրդային հանրապետությունների հորիզոնը, որոնք ներկայումս ձգտում են լիարժեք վայելել անկախության պտուղները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս