Գույները և առողջությունը

Բուժիչ նամակներ

Առօրյա կյանքում մենք այդքան էլ ուշադիր չենք մեզ շրջապատող բնության հանդեպ. ձգտում ենք բարեկեցության. մեր ազգի գեներում կոդավորված է սերը դեպի ուսումը` հայ մարդը կարծես ստեղծվել է գիտությամբ զբաղվելու համար։ Սակայն արդյո՞ք մենք սովորեցնում ենք մեր երեխաներին ամենակարևորը. ճանաչել բնությունը, որտեղ թաքնված է իմացության «կորիզը», իսկ ավելի խորքում` սերմը։ Բնության գույներից առաջին հերթին աչքի է զարնում կանաչը, երկնքի կապույտը, ձմեռը` սպիտակը, և յուրաքանչյուր գույն յուրովի ազդեցություն ունի մարդու առողջության վրա։
Առողջությունը հիմքից` մանկական և պատանեկան տարիքից, պահպանելու համար երեխաները պետք է իմանան, թե ի՞նչ հատկություններ ունեն տարբեր գույնի մրգերը, բանջարեղենը, այլ սննդամթերքը։

Կարևոր է նաև հաշվի անել երկու կարևոր հանգամանք.

  • յուրաքանչյուր բողբոջում կոդավորված է նույն գենետիկ ծրագիրը, և փոքր պտուղն իր օգտակար նյութերի բաղադրությամբ շատ քիչ է զիջում խոշորին և շահեկանորեն տարբերվում է պարարտանյութերի պարունակությամբ,
  • դարեր շարունակ մարդու օրգանիզմը սովորել է յուրացնել տեղական սննդամթերքը, որի մեջ քիմիական տարրերը, կենսական նշանակություն ունեցող վիտամինները, ֆերմենտները և այլն, պարունակվում են որոշակի համադրությամբ։

Ցանկացած ազգ ունի առանձնահատկություններ, որոնք ձևավորվել են` ըստ կլիմայական գոտիների ու համապատասխանորեն` տեղի բնաշխարհի։
Հարթավայրում ապրող ազգերն ավելի միատարր են, լեռնային կտրատված ռելիեֆ ունեցող տարածքներում ապրող ազգերի մոտ գերիշխել է կլանային մտածելակերպը։

Մեր հայրենիքում շատ են արևոտ օրերը. մեր ժողովուրդը հնուց գնահատել է այս աստղի կարևորությունը կյանքի զարգացման համար և նույնիսկ կառուցել է իր բնապաշտպանական տաճարները` արևելք-արևմուտք առանցքի վրա կենտրոն ընդունելով, օրինակ, Արագած լեռը (տե՛ս, Ջ. Սահակյան «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.)։ Սակայն արևի ճառագայթներում կան տարրեր, որոնք քայքայիչ` օքսիդացնող հատկություն ունեն. այդ կործանիչ ազդեցությունից պաշտպանվելու համար են ի վերուստ տրվել գույները։ Գույները վկայում են այն մասին, որ բույսի տարբեր մասերում պարունակվում են ներկանյութեր, կարոտինոիդներ, ֆլավոնային նյութեր, անտոցիաններ։ Մի պահ պատկերացնենք բնությունը` առանց այդ նյութերի. գիտնականներն ապացուցել են, որ բուսական և կենդանական աշխարհը պարզապես կոչնչանար` կայրվեր։

Հետաքրքիր և առաջին ըմբռնմամբ զարմանալի հետևության է եկել ամերիկացի սննդաբան Ջեյմս Ջոզեֆը. «Վառ գույների միջոցով բույսերն «SMS» են ուղարկում. օրինակ թիթեռին կամ թռչնին` այն մասին, որ իր մեջ թույն կամ շաքար է պարունակվում»։ Ջոզեֆը համոզված է, որ յուրաքանչյուր մարդ կարող է ճշտել իր սննդակարգը` ըստ բուսական մթերքների գույնի, քանի որ յուրաքանչյուր բուսական ներկանյութ օգնում է կարգավորել որոշակի առողջական խնդիր։

Գույների առողջարար ծիածանափայլի գաղտնիքների իմացությունը մեծապես կարող է նպաստել մարդու երկարակեցությանը։

Սպիտակի դերը տղամարդու կյանքում
Կլիմաքսի, այսինքն` օրգանիզմի հորմոնալ վերակառուցումը բնորոշ է ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց օրգանիզմի համար։ Ըստ անգլիացի բժիշկ Ուիլյամ Հարվեյի` «շագանակագեղձը տղամարդու «երկրորդ սիրտն» է։ Հնագույն ժամանակներից Արևելքի բժիշկները մեծ դեր և նշանակություն են վերագրել այդ օրգանին, օրինակ, հնդիկները տվել են շագանակագեղձի ուռուցքին` ադենոմային, հետևյալ անվանումը. «փոքր քարաբեկոր»։

Վաղուց ի վեր նկատել են, որ սպիտակն ունի պաշտպանող հատկություն, վանում է վնասակար ճառագայթները և էներգիաները, պահպանում է նյարդերը և հանգստացնում, վանում է լարվածությունը, տագնապը, օգնում է կենտրոնանալ, կարգավորում է տեսողությունը և ամենակարևորը` ներքին գեղձերի բնականոն աշխատանքը։

Սպիտակ և մասամբ բաց շագանակագույն բուսամթերքը պարունակում է ալիցինի և սելենիումի միացությունները, որոնք օգտակար են սրտին, կարգավորում են մեր օրգանիզմի համար անչափ կարևոր խոլեստերինի փոխանակումը, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, որոշ բարորակ և, ինչո՞ւ չէ, չարորակ ուռուցքների հանդեպ։

Տղամարդու սննդակարգում պարտադիր պետք է ընդգրկվեն հետևյալ մթերքները.

  • Սոխն օգտակար է ցանկացած ձևով` հում, եփած, խորոված և այլն։ Խորհուրդ է տրվում ուտել քնելուց առաջ` 50-100 գ։
  • Սխտորը կիրառում են հոգնայի ձևով, փակցնում ողնաշարի ստորին հատվածում` մանր կտրատած կտորները։
  • Ընկույզը հարուստ է չհագեցած ճարպաթթուներով, որոնք կանխարգելում են գեղձի արատավոր սկլերոտիկ փոփոխությունները։
  • Պնդուկն օգտագործում են չոր վիճակում։
  • Ծնեբեկը համարվում է լավագույն միջոցներից մեկը. 2 ճ/գ արմատը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 8 ժամ թրմեք ջերմապահում։ Խմեք 3-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 2-3 ամիս։

Ուրախ եմ ձեզ հաղորդել, որ ներկայումս Հայաստանում վերջապես գտնվել է մի շնորհալի ֆերմեր, որը մշակում է արմատային նեխուրը։

  • Շագանակագույնը հնում կապել են մարդու երրորդ աչքի` էպիֆիզի հետ։

Խորհուրդ է տրվում 50 գ ոսպը եփել, քամել և ուտել ընթրիքին, իսկ թուրմը` քնելուց առաջ, շաբաթական 3-4 անգամ, կամ պարզապես ուտել ոսպով շիլա կամ ջրիկ ապուր։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս