Կանաչ Էյֆելյան աշտարակն ու 3D տպիչ տպագրող տպիչը` Մերգելյան ինստիտուտում (տեսանյութ, լուսանկարներ)
Հայաստանյան դպրոցներում վերջին շրջանում սկսվել է կարևորվել ինժեներական կրթությունը: Ուստի այս ուղղությամբ տարբեր միություններ և միավորումներ փորձում են քայլեր ձեռնարկել, օրինակ՝ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագիրը կամ «Նաիրի» կոնսորցիումի նախաձեռնած «Նաիրի» լաբորատորիայի ծրագիրը: Այս ուղղությամբ օրերս՝ նոյեմբերի 21-ին, նաև կոնֆերանս կազմակերպվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում:
ՏՏ ոլորտի և ՀՀ ԿԳՆ-ի ներկայացուցիչները նշեցին, որ ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում շատ կարևոր են, քանի որ այն հնարավորություն է տալիս դպրոցական տարիքում երեխաների մեջ սերմանել ինժեներական գիտելիքներն ու դրա նկատմամբ հետաքրքրությունը, ինչը հետագայում կարող է պրոֆեսիոնալ մասնագետների ստեղծման և մեր երկրի մրցունակության ամրապնդմանը նպաստել:
Այսպես, ինժեներական կրթությամբ շահագրգռված բոլոր կողմերը ոչ միայն կարևորում են տեսական գիտելիքներն այս ուղղությամբ, այլև դեռևս դպրոցական տարիքից երեխաների մեջ գործնական հմտությունների զարգացումը: Իսկ որպես օրինակ՝ առանձին տաղավարներով ներկայացնում են ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող` «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի մասնակից նախագծերը, օրինակ`Պատուհան մաքրող ռոբոտի նախագիծը, որին մենք անդրադարձել ենք, այնպես էլ «Նաիրի» կոնսորցիումի կողմից իրականացվող «Նաիրի» լաբորատորիայի ծրագիրը, որտեղ ներկայացված էր 3D տպիչ տպագրող տպիչը և կանաչ էյֆելյան աշտարակը: Այս ամենի մասին մանրամասները 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց «Ինստիգեյթ» ընկերության ծրագրային ապահովման ինժեներ Հայկ Մալխասյանը:
Մանրամասները` տեսանյութում:
«Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգի մասին մեր հարցազրույցը «Նաիրի» կոնսորցիումի հիմնադիրներից՝ «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանի հետ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: