Ազատամարտիկը ապրում է փողոցում՝ բաց երկնքի տակ (տեսանյութ)
Արցախյան շարժման մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, վանաձորցի Ռազմիկ Կարապետյանը արդեն մի քանի տարի է, ինչ գիշերում է բաց երկնքի տակ, փողոցում՝ երկաթե մահճակալի վրա (լեժանկա): Այս մասին Lorinews.am-ին է ահազանգել հարևան շենքերից մեկի բնակչուհին՝ խնդրելով պատկան մարմիններին միջնորդել, որպեսզի նրան տեղափոխեն ծերանոց կամ այլ նմանատիպ հաստատություն:
Պատկերը, որին ականատես է եղել թղթակիցը, մեղմ ասած դժվար է բառերով նկարագրել. երկաթե մի «լեժանկա», կողքին՝ կոշիկներ, ջրի դատարկ շշեր ու դատարկ պլաստմասե աման, «լեժանկայի» վրա՝ մի քանի տաք բաճկոններ, մի խոսքով՝ հնամաշ հագուստի կույտ: Հագուստի այդ կույտի տակ էլ հենց քնած է նույն ինքը՝ Ռազմիկ Կարապետյանը:
Կայքի հետ զրույցում վերջինս պատմել է, որ Արցախյան շարժման տարիներին իր կամքով մեկնել է ռազմաճակատ, այնուհետ՝գերի ընկել, ինչից հետո բոլորը կարծել են, թե Ռազմիկը էլ հետ չի գա կամ մահացել է, ու վաճառել են ամեն ինչ, տեղափոխվել:
Նախքան գերեվարությունը, Ռազմիկն ամուսնացած էր, սակայն կինը ևս հեռացել է՝ նույն կարծիքն ունենալով, որ ամուսինը գերությունից դժվար թե հետ գա. «1993թ. սեպտեմբերին գերի ընկա, 1994-ի ապրիլին հետ եկա, ախպերս էդ ժամանակ էլ հույս չուներ, որ ես ետ կգամ, վերցրեց տունը ծախեց, կինս էլ գնաց… տղա ունեմ՝ Մոնղոլիա է, բայց…»,- ու այս բառերի հետ աչքերում երևացին արցունքի կաթիլները, որ այդպես էլ չընկան ներքև: Արցունքները հազիվ պահելով Արցախյան շարժման մասնակիցը պատմեց, որ ինքն արդեն 21 տարի նման պայմաններում է գիշերում.
«Էլ կռիշներում եմ քնել, էլ էստեղ, էնտեղ…»: Ասում է՝ դիմել է բոլորին, բայց ոչ ոք իրեն չի օգնել, Երկրապահ կամավորականների միություն էլ է դիմել, այնտեղ ևս չեն օգնել: Ռազմիկ Կարապետյանը ոչ անձնագիր ունի, ոչ էլ անձը հաստատող որևէ փաստաթուղթ, ասում է՝ այրվել են տան հրդեհի ժամանակ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները և տեսանյութը՝ հեղինակի