
Արմեն Մալխասյանը՝ Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու մասին. Այսօր պետք է որ տեղափոխեն

Շանթ Հարությունյանը դեռևս գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, նա դեռ չի տեղափոխվել հոգեբուժարան: Քիչ առաջ այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Այսօր պետք է որ տեղափոխեն»,- հավելեց Ա. Մալխասյանը:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե վաղն առավոտյան պարզ կլինի՝ Շ. Հարությունյանը դեռևս «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ո՞ւմ է, թե՞ արդեն տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը. Շանթ Հարությունյանին կենթարկեն դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության:
Դռնփակ դատական նիստի ավարտից հետո Ինեսա Պետրոսյանը լրագրողներին հայտնել էր, որ Շանթ Հարությունյանն առարկել է իրեն դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին միջնորդության դեմ: «Ինքը նշեց, որ ինքը հոգեկան հիվանդ չէ»,- ասել էր փաստաբանը: