Ինեսա Պետրոսյան. Շանթ Հարությունյանը նշեց, որ ինքը հոգեկան հիվանդ չէ (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի Կենտրոն և Մորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության ենթարկելու մասին նախաքննական մարմնի որոշումը: Ստացիոնար փորձաքննությունը Շանթ Հարությունյանը կանցնի «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանն առարկել է իրեն դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշման դեմ: «Ինքը նշեց, որ ինքը հոգեկան հիվանդ չէ»,- ասաց պաշտպանը:
Ինեսա Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Շանթ Հարությունյանին փորձաքննության ենթարկելը նախաքննական մարմինը հիմնավորել է միայն այն փաստով, որ 2009-ին առկա էր փորձագետի եզրակացություն, համաձայն որի՝ իրեն մեղսագրվող արարքում Շանթ Հարությունյանն անմեղսունակ էր ճանաչվել:
«2009-ին առկա էր փորձագետի եզրակացություն, որով ճիշտ է՝ պարզվել է, որ Շանթը չի տառապել և չի տառապում հոգեկան հիվանդությամբ, բայց իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ իրեն հարկ էր ճանաչել անմեղսունակ և դա էր պատճառը, որ վարույթ իրականացնող մարմնի մոտ նման կասկածներ էին առաջացել»,- ասաց Շ. Հարությունյանի պաշտպանը:
Նրա խոաքով՝ Շ. Հարությունյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կտեղափոխվի մոտակա օրերին: Այսօր նա դատարանից տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ ինքը Շ. Հարությունյանին հարց է տվել՝ կապված վերջինիս նկատմամբ կիրառված բռնությունների հետ. «Ինքն ասաց, որ այսօր չի ուզում այդ մասին խոսել. հետագայում կխոսի»: Պաշտպանի տեղեկացմամբ՝ Շանթ Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Շանթ Հարությունյանը նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Շ. Հարությունյանը հոգեկան խնդիրներ չունի: Նա նշեց, որ իրենք չեն կարող տեսակցել Շ. Հարությունյանին. քննիչն արգելել է:
«Ասում են՝ կարող է նախաքննության ամբողջ ընթացքում արգելանքը պահպանվի»,- ասաց նա:
Դատարանի շենքից դուրս գալու ժամանակ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հասցրեց միայն հետաքրքրվեց՝ ինչպես է հայրը: «Լավ եմ,- պատասխանեց Շ. Հարությունյանը,- Սիգարետս պրծնում ա»: