Բաժիններ՝

«Գլոբա՛լ մտածեք»

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի երիտասարդ մասնագետներին հաջողության հասնելու համար նման խորհուրդ է տվել այս օրերին Հայաստանում գտնվող «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գործադիր տնօրեն, դոկտոր Ցուգիո Մակիմոտոն (Dr. Tsugio Makimoto):

Վերջինս այս տարվա Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիրն է: Մակիմոտոյի այցը թեև նախատեսված էր 3 օրով, սակայն այստեղ գտնվելով՝ որոշել է երկարաձգել այցը և 10 օր մնալ Հայաստանում:

Ցուգիո Մակիմոտոն, պատասխանելով 168.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդներին, ՏՏ ոլորտում ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատեն, և ի՞նչ start-up-ներ (նորաստեղծ ընկերություններ) ստեղծեն, որպեսզի հաջողության հասնեն, ասել է.

«Կարծում եմ՝ ՏՏ ոլորտում հաջողակ լինելու համար, առաջին հերթին, պետք է հաջողակ լինել գլոբալ մակարդակում, ոչ միայն հայաստանյան տեղական շուկայում: Այսինքն` դուք պետք է գլոբալ մտածեք: Երիտասարդների համար շատ կարևոր է բիզնես գործունեություն ծավալել ոչ միայն Հայաստանում, այլև` Հայաստանից դուրս, սակայն այդ ամենի համար նրանք պետք է ունենան անգլերեն լեզվի լավ խոսակցական և հասկանալու հմտություններ: Բացի այդ, կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում գլոբալ շուկայում, ի՞նչ ուղղությամբ է շուկայի զարգացումն ընթանում, որտե՞ղ է շուկան, և որտե՞ղ է իրենց բիզնեսը, և նմանատիպ շատ այլ հարցեր, եթե կարիքը կա՝ պետք է գնան նաև Հայաստանից դուրս՝ այդ ամենն ավելի լավ պատկերացնելու համար: Ինչ վերաբերում է Start-up-ներին, ապա նրանք ոչ միայն պետք է դիտարկեն, թե աշխարհը որ ուղղությամբ է ընթանում, և որ ճյուղերն են ավելի զարգանում, այլև՝ թե որտե՞ղ է ավելի հեշտ մուտք գործելը: Իհարկե, գլոբալ շուկայում բիզնես գործունեություն ծավալելը հեշտ չէ, հատկապես, եթե տվյալ մարդը նոր է այս բնագավառում, բացի այդ, բիզնես սկսելը դեռ չի նշանակում, որ պետք է այն հաջողվի: Չհաջողված ընկերությունների քանակը կամ տոկոսային հարաբերությունը շատ մեծ է, և քչերն են հաջողակ լինում, մանավանդ, որ միջազգային շուկայում հաջողակ լինելը շատ ավելի դժվար է: Ուրեմն սկսելը շատ հեշտ է, բայց ինչպես նավն է տեղ հասնելու համար բազմաթիվ ալիքների և փորձությունների ենթարկվում և դժվարությունների միջով անցնում, այնպես էլ բիզնեսը հեշտ բան չէ: Իհարկե, ռիսկեր կան, սակայն այդ ամենին դիմակայելու և հաջողակ լինելու համար կարևորում եմ փորձառու մարդկանց հետ շփումը ու նաև՝ դրսի հետ կապը, քանի որ շուկան այստեղ փոքր է: Այնպես որ, հեշտ բան չէ բիզնեսում հաջողություն ունենալը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս