ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ռուս-թուրքական զինվորական գերեզմանոցների մասին համաձայնագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի դաշնային խորհուրդն այսօր վավերացրել է Թուրքիայի հետ կնքած միջկառավարական համաձայնագիրը, որն առնչվում է Թուրքիայի տարածքում ռուսական զինվորական գերեզմանոցներին և Ռուսաստանի տարածքում թուրքական զինվորական գերեզմանոցներին:

Համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 3-ին, Ստամբուլում և հստակեցնում է ներկայումս երկու երկրների տարածքներում գտնվող և նախկին պատերազմների ժամանակ զոհված ռուս (խորհրդային) և թուրք զինծառայողների գերեզմանների պահպանման, խնամքի սկզբունքները:

Նշվում է, որ կողմերը միմյանց անհայտույց և անժամկետ տրամադրում են զինվորական գերեզմանոցների հողակտորների օգտագործման իրավունք: Բացի այդ, Ռուսաստանն ու Թուրքիան տեղեկատվություն են փոխանակելու զինվորական գերեզմանոցների առկայության, գտնվելու վայրի և դրանցի իրավիճակի մասին:

Թուրքիայի տարածքում գտնվում են ռուսական երեք զինվորական գերեզմանոց, ուր հանգչում է ավելի քան 300 մարդ, իսկ Ռուսաստանի տարածքում թուրքական զինվորական գերեզմանոցների քանակը կազմում է հինգ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի (Օսմանյան կայսրություն) միջև մղվել է խոշորամասշտաբ 12 պատերազմ.  1568-1570 (1572), 1676-1681, 1686-1700, 1710-1711, 1735-1739, 1768-1774, 1787-1792, 1806-1812, 1828-1829, 1853-1856 (Ղրիմ), 1877-1878, 1914-1917 (Առաջին համաշխարհային պատերազմ):

Տեսանյութեր

Լրահոս