Աբաշիձեն ու Կարասինը կամփոփեն վերջին մեկ տարում իրենց գործունեության արդյունքները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է Վրաստանի օգտին Ռուսաստանում լրտեսություն կատարելու մեջ մեղադրվողների հարցը:

Աբաշիձեն արդեն իսկ մեկնել է Պրահա, ուր վաղը հանդիպելու է Կարասինի հետ: Թռիչքից առաջ լրագրողների հետ զրույցում Աբաշիձեն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ իրենք ամփոփելու են տվյալ ձևաչափի շրջանակներում վերջին մեկ տարում կատարված աշխատանքները:

Աբաշիձեն խոստացել է, որ իրենք որևէ արդյունքի կհասնեն Ռուսաստանում լրտեսության մեջ մեղադրվողների հարցում՝ ընդգծելով, որ իրենց իրավաբանները լավ կուսումնասիրեն տեղի ունեցածն ու լավ կպատրաստվեն տվյալ հարցին:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ նոր կառավարությունը բաց է թողել ռուս բոլոր լրտեսներին, որոնց վրացական կողմը ցանկանում էր փոխանակել Ռուսաստանում ձերբակալված վրացի հետախույզների հետ:

Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի՝ տվյալ ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում: Դրանից հետո հանդիպումները շարունակվելու են Պրահայում:

Տեսանյութեր

Լրահոս