Բաժիններ՝

Մոլդովան Վիլնյուսի գագաթաժողովից հետո խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն հայտարարել է, որ Մոլդովան Ռուսաստանի հետ պայմանավորվել է նոյեմբերի վերջին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելուց հետո խորհրդակցություններ անցկացնելու շուրջ:

Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում և պլանավորել է այն ստորագրել 2014 թվականի սեպտեմբերին: Լյանկեն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մեջ մտնելուն հարմարվելը կպահանջի 7-10 տարի, և որ այդ անցումային ժամանակաշրջանը շատ կարևոր է երկրի համար:

Լյանկեի խոսքերով՝ Մոլդովան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել նաև մոլդովական գինիների արտահանման հարցը, էներգետիկ ու միգրացիոն խնդիրներ, ինչպես նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել հումանիտար նախագծերի շուրջ:

Նշվում է, որ Լյանկեն վաղը Սանկտ Պետերբուրգում հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այսօր Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս