
Ինդոնեզիան դադարեցնում է ռազմական ու հետախուզական ոլորտներում Ավստրալիայի հետ համագործակցությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ինդոնեզիան դադարեցնում է ռազմական և հետախուզական ոլորտներում Ավստրալիայի հետ համագործակցությունը՝ կապված ավստրալական հատուկ ծառայությունների կողմից երկրի բարձրաստիճան անձանց հեռախոսազրույցները գաղտնալսելու հետ: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բանբանգ Յուդհոյոնոն:
Նոյեմբերի սկզբին կտրուկ սրվեցին երկու երկրների միջև հարաբերությունները՝ կապված ԶԼՄ-ների այն հաղորդման հետ, որ Ինդոնեզիայում Ավստրալիայի ու ԱՄՆ-ի դեսպանատներն օգտագործվել են Ինդոնեզիայի բարձրագույն ղեկավարությանը գաղտնալսելու համար: Այդ տեղեկատվութունը ԶԼՄ-ներին տրամադրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Ինդոնեզիայի նախագահը հայտարարել է, որ իրենք դադարեցնում են Ավստրալիայի հետ ռազմական համագործակցությունը և հետախուզական տեղեկատվության փոխանակումը և վերստին Ավստրալիայից պարզաբանում է պահանջել գաղտնալսման կապակցությամբ: