
Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոուհանիի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Իրանի ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Քեմերոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, հեռախոսազրույցը տևել է մոտ 5 րոպե, կողմերը միմյանց հետ շփվել են թարգմանիչների միջոցով: Նրանք քննարկել են քայլ առ քայլ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը՝ փաստելով, որ այդ գործընթացն ընթանում է հաջող:
Բացի այդ, Քեմերոնն ու Ռոուհանին քննարկել են տարածաշրջանի իրավիճակը: Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ Քեմերոնն ու Ռոուհանին համակարծիք են եղել, որ Ժնևյան բանակցություններն արդյունավետ միջոց են այդ խնդրի լուծման համար, և որ բանակցային նախորդ փուլում գրանցվել է զգալի առաջընթաց:
Պատմական հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից մի քանի շաբաթ անց, ինչ երկու երկրները պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերություններն ու նշանակել միմյանց գործերի ժամանակավոր հավատարմակատարներ: Քեմերոնը դարձավ վերջին 10 տարում Իրանի ղեկավարության հետ հեռախոսազրույց ունեցած Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետը: