
ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայի քիմիական զենքն օվկիանոսում ոչնչացնելու հնարավորությունը. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ մի շարք երկրներ հրաժարվեցին ոչնչացման նպատակով ընդունել Սիրիայի քիմիական զինանոցը, ԱՄՆ-ը դիտարկում է դա հատուկ նավով միջազգային ջրերում իրականացնելու հնարավորությունը: Այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտոնատար անձինք:
Քիմիական զենքն արգելող կազմակերպության պլանի համաձայն, Սիրիայի քիմիական զինանոցը երկրի տարածքից պետք է ամբողջովին դուրս բերվի մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը: Ենթադրվում էր, որ Սիրիայի քիմիական զինանոցը կարող է ոչնչացվել Թուրքիայի, Ալբանիայի, Նորվեգիայի կամ այլ երկրի տարածքում, սակայն նրանք բոլորն էլ հրաժարվել են մասնակցել տվյալ գործողությանը:
Թերթի անանուն աղբյուրները հայտնել են, որ դա միջազգային հանրությանը ստիպել է փնտրել նոր հնարավորություններ՝ Սիրիայի քիմիական զինանոցից ձերբազատվելու համար: ԱՄՆ-ը ներկայումս դիտարկում է երկու տարբերակ, որոնք կարող են իրագործվել արդեն 75 օր անց:
Առաջին պլանի համաձայն, քիմիական զենքի տարրերը ոչնչացվելու են նավում տեղակայված հինգ վառարանում, որը գտնվելու է միջազգային ջրերում: Գործողությունը տևելու է 60 օրից ոչ ավելի: Չի ենթադրվում դրան ամերիկյան ընկերությունների, նավերի ու փորձագետների մասնակցություն:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը պատրաստ է տվյալ նավի անվտանգությունն ապահովելու համար համաշխարհային օվկիանոսի ենթադրյալ շրջան ուղարկել իր ռազմանավերն ու կործանիչները: Երկրորդ պլանը նախատեսում է Պենտագոնի կողմից բարձր տեխնոլոգիական մոբիլ համակարգի մշակում՝ քիմիական տարրերի չեզոքացման համար: