
Այս տարի Ռուսաստանից արտաքսվել է Մոսկվայում բնակվող ավելի քան 13.000 ապօրինի ներգաղթյալ. Սոբյանին

Комсомольская правда թերթին տված հարցազրույցի ժամանակ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանից արտաքսվել է մայրաքաղաք Մոսկվայում բնակվող ավելի քան 13.000 ապօրինի ներգաղթյալ:
Սոբյանինը հավելել է, որ իրենք այս տարի արգելել են 42.800 օտարազգիների մուտքը երկիր, քանի որ նրանք խախտել են ռուսական օրենքները: Սոբյանինն ընդգծել է, որ դա բավական մեծ թիվ է՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ: Դրա հետ մեկտեղ Սոբյանինը նկատել է, որ Մոսկվան չի կարող ամբողջովին հրաժարվել ներգաղթյալներից, քանի որ դա կվնասի քաղաքի տնտեսությանը.
«Սակայն անհրաժեշտ է կոշտ վերահսկողություն սահմանել ներգաղթյալների շուրջ ստեղծված իրավիճակի վրա:Պետք է կոշտ արգելք դնել, վերցնել մարդկանց մատնահետքերը, մարդկանց ներառել տվյալների բազայում՝ հստակ լուսանկարներով ու փաստաթղթերը ձեռքին:
Պետք է արդյունավետ գործի սահմանային ծառայությունը. եթե հյուրը մի անգամ օրենք է խախտել մեզ մոտ և նրան արգելել են մուտք գործել երկիր, ապա նա երբեք չպետք է մեզ մոտ վերադառնա կեղծ փաստաթղթերով»: