«Նման հանդիպումները ավարտվում է սահմանների գնդակոծությամբ… անխնա ու տմարդի ռմբակոծությամբ»
Վիեննայում կայացած երկու նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրություն էին տարածել, որում նշել էին, թե նախագահների միջև համաձայնություն է ձեռք բերվել ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ տարվող բանակցություններին նոր թափ հաղորդել:
168.am-ի հետ զրույցում՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց, թե իր կարծիքով՝ այդ համաձայնությունը «ոչ մի լուրջ բան էլ չի նշանակում», ապա հավելեց, թե «նոր թափ» հաղորդելու մասին դիտարկումը «պարտադրված է դրսից»:
«Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումից մի բան կստացվի: Այս հանդիպումը առ ոչինչ է, երբ Արցախը` բանակցությունների հիմնական կողմը, մնաց բանակցային գործըթնացից դուրս, այն դեպքում, երբ լկտիաբար ռմբակոծում են մեր սահմանամերձ գյուղերը, իսկ մենք այնտեղից մարդիկ ենք վտարում,- նշեց նա, ապա շարունակեց,- Հիմա հանդիպում են… հա, հանդիպում են՝ որպես ի՞նչ: Սովորել են մեկ քայլ առաջը… Լուրջ բան այս հանդիպման մեջ չեմ տեսնում»:
Մեր հարցին, թե Ձեզ համար է՞լ արդեն իսկ մեծ հաջողություն է, որ նախագահները հանդիպել են, և նույնիսկ որոշել են կրկին հանդիպել, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Հաջողությունը կարող է լինել միայն մեկ դեպքում` երբ Արցախը լիներ բանակցային կողմ: Իսկ այսօր այդպես չէ: Նման հանդիպումները, երբ Հայաստանը, չգիտես ինչու, որոշում է պատասխանատվությունն իր ուսերի վրա վերցնել, որպես կանոն, ավարտվում է սահմանների գնդակոծությամբ… անխնա ու տմարդի ռմբակոծությամբ»: