Վարչապետն ընդունել է «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրենին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին:

Տիգրան Սարգսյանը շնորհավորելով Ցուգիո Մակիմոտոյին ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ նման հեղինակավոր անձնավորությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում:

Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան մեծ ուշադրության է արժանացել մեր հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում, ինչը կնպաստի ՏՏ բնագավառի և հետազոտությունների իրականացման նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»:

Ցուգիո Մակիմոտոն ողջունել է ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբարելու հանգամանքը և նշել, որ այդ բնագավառն այսօր համաշխարհային տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է:

Ցուգիո Մակիմոտոն համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ կան և կարևորել է նաև ճապոնական ընկերությունների հետ համագործակցության ծրագրերի իրականացումը:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի սերտացման հեռանկարները և մտքեր փոխանակել ՀՀ-ում ՏՏ բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս