Ռուբեն Վարդանյան. «Գլխավոր ակտիվը ստեղծագործ մարդիկ են, ովքեր ձգտում են ինչ-որ բանի հասնել»

Բրիտանական Coutts ընկերությունը հրատարակել է իր Coutts Million Dollar Donors Report ամենամյա հաշվետվությունը, որում ներկայացված է հարցազրույց Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի հետ:

Մեդիամաքս-ը ներկայացնում է հարցազրույցում շարադրված որոշ մտքեր:

Վերոնիկա Զոնաբենդ: Մեր ընտանիքն առաջին անգամ սկսեց բարեգործությամբ զբաղվել բավական վաղուց՝ փոքր նվիրատվություններ անելով կոնկրետ անձանց եւ ծրագրերին: Օրինակ, մենք միջոցներ ենք հատկացրել կրթաթոշակների եւ դրամաշնորհների համար, ֆինանսավորել ենք գրքերի հրատարակությունը Հայաստանի պատմության ու Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաեւ non-fiction գրականության ռուսերեն թարգմանություն ու հրատարակություն Ռուսաստանում:

Ռուբեն Վարդանյան: Մեր ընտանիքը գործընկերների հետ միասին մասնակցում է Ռուսաստանում բարեգործության համակարգի զարգացմանն ու դրա թափանցիկության բարձրացմանը: Օրինակ, ոլորտում արհեստավարժ մասնագետներ ընդգրկելու համար մենք վճարում ենք բարձր որակավորում ունեցող մենեջերների աշխատավարձը 6 բարեգործական հիմնադրամներում, ինչպիսին է, օրինակ, «Նվիրիր կյանք»-ը:

Վերոնիկա Զոնաբենդ: Մոտ հինգ տարի առաջ Ռուբենի հետ որոշեցինք, որ չի կարելի ընդգրկել անսահմանությունը եւ հարկավոր է կենտրոնանալ սահմանափակ թվով ծրագրերի վրա, որոնցում մենք կներդնենք ֆինանսական միջոցներ, մեր ջանքերն ու ժամանակը, քանի որ դա ամենաարժեքավորն է, ինչ մենք ունենք:

Դիլիջանի միջազգային դպրոցը

Վերոնիկա Զոնաբենդ: Եթե խոսենք աշխարհագրական մոտեցման մասին, ապա մենք մեր ծրագրերն իրականացնում ենք Հայաստանում եւ Ռուսաստանում, քանի որ հավատում ենք, որ այդ երկրներում մեր ջանքերը առավելագույն արդյունք կտան:

Այժմ իմ ամբողջ ժամանակը նվիրում եմ Դիլիջանի միջազգային դպրոցին, որը սկսվում էր որպես ամառային ճամբարի համեմատաբար փոքր ծրագիր: Հետո հայեցակարգի զարգացման գործընթացում հասկանալի դարձավ, որ տարածաշրջանում առկա է կրթության շատ մեծ պահանջարկ, սակայն չկան բավարար թվով բարձր մակարդակի միջազգային դպրոցներ: Այդ պատճառով մեր ծրագիրն աստիճանաբար վերածվեց ավելի քան 100 մլն դոլար ծավալի կապիտալ ներդրումներով միջազգային դպրոցի, որտեղ սովորելու են երեխաներ ամբողջ աշխարհից: Հինգ տարվա ընթացքում մենք թիմի եւ ճարտարապետի հետ եղանք տարբեր երկրների առաջատար ուսումնական հաստատություններում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, ընկալենք նոր գաղափարները, ընդհանրացնենք փորձն ու փորձենք խուսափել սխալներից, որոնք թույլ են տրվում նոր դպրոցների կառուցման ընթացքում:

Պայքար մարդկային ռեսուրսների համար

Ռուբեն Վարդանյան: Կարծում եմ, որ XXI դարում հիմնական պայքարը լինելու է մարդկային ռեսուրսների համար, գլխավոր ակտիվը լինելու են կրթված ու ստեղծագործ մարդիկ, ովքեր իսկապես ձգտում են ինչ-որ բանի հասնել: Այժմ, երբ երկրների միջեւ շփումներն ավելի սերտ են դառնում, իսկ մարդկանց անձնական եւ գործնական շահերը տեղաբաշխված են ամբողջ աշխարհում, տարբեր մշակույթների ընկալումը հսկայական նշանակություն է ձեռք բերում: Եվ դա է ցանկացած պետության, ցանկացած վերնախավի եւ ցանկացած հանրության հաջող ապագայի բանալին:

Վերոնիկա Զոնաբենդ: Այսօր գոյություն ունեցող կրթական համակարգերը չեն համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին: Այս դարում մարդկանց անհրաժեշտ հմտություններն ու կարողություններն, անկասկած,  տարբերվում են նրանցից, որոնք պետք էին անցյալում: Օրինակ, ամենապահանջված որակներն են դառնալու լայն աշխարհայացքն ու ստեղծագործական մտածելակերպը՝ այն, ինչը ժամանակակից կրթությունը մարդկանց մեջ չի դաստիարակում:

Չտալ խոստումներ, որոնք չես կարող կատարել

Վերոնիկա Զոնաբենդ: Պարզվում է, մարդիկ, ովքեր ցանկանում են բարի գործ կատարել եւ ձգտում են օգնել, աշխարհում ավելի շատ են, քան ես ենթադրում էի: Լավ արարքների մասին ավելի քիչ են խոսում, քան վատերի:

Կարեւոր է հնարավորինս շատ պատմել լավ արարքների մասին: Տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ մարդիկ պարզապես անհավանական բաներ են անում, թեեւ տեղի իշխանություններից ոչ միշտ է կարելի օգնություն ակնկալել: Օրինակ, վերջերս ես ծանոթացա մի աղջկա հետ, որը որբ երեխաների համար օնլայն-ուսուցման ծրագիր է իրականացնում ինքնուրույն, առանց պետության օժանդակության: Այդպիսի մարդիկ արժանի են շրջապատի ճանաչմանն ու հարգանքին:

Ռուբեն Վարդանյան: Հարկավոր է լինել շատ ու շատ հետեւողական եւ կատարել խոստումները, ինչպես նաեւ` չտալ այնպիսի խոստումներ, որոնք չես կարող կատարել:

Վերոնիկա Զոնաբենդ: Եթե իսկապես ցանկանում եք բարի գործ անել, պատրաստ եղեք նրան, որ բարեգործությունը դառնալու է ձեր կյանքի կարեւոր մասը: Խուսափե՛ք երկակի ստանդարտներից եւ անկեղծ եղեք ձեր արած գործում: Օրինակ, եթե ես ասում եմ, որ մենք կառուցում ենք աշխարհի լավագույն դպրոցներից մեկը, ուրեմն իմ երեխաները սովորելու են այնտեղ:

Ռուբեն Վարդանյան: Սահմանե՛ք, թե ձեզ համար ինչ է նշանակում հաջողությունը, եւ զինվե՛ք համբերությամբ:

Երեխաներն ու փողը

Ռուբեն Վարդանյան: Մենք պայմանավորվել ենք մեր երեխաների հետ, որ նրանց մեծ ժառանգություն չենք թողնելու, որպեսզի ազատենք մեծ կարողության հետ կապված խնդիրներից: Դրա փոխարեն մենք գումարները կծախսենք բարի գործերի վրա, եւ հուսով եմ, որ նրանք կմիանան դրան եւ կշարունակեն այն, ինչ մենք սկսել ենք:

Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս