Նիկոլայ Բաղդասարյանը՝ Վարդան Պետրոսյանի ալկոհոլ օգտագործած լինելու լուրերի մասին
Երեկ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժածների փաստաբան Մարատ Գինոսյանը tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ դերասանի հիվանդության պատմության մեջ նշված է, որ նա ոգելից խմիչք է օգտագործած եղել:
«Անմիջապես դեպքից հետո կատարվել է ոչ թե փորձաքննություն այլ պրիմիտիվ՝ փչելու եղանակով սթափության ստուգում, կազմվել է արձանագրություն, բայց մենք ունենք նաև Վարդան Պետրոսյանի վերաբերյալ փորձաքննության եզրակացություն, երբ նա բժշկական փորձաքննության է ենթարկվել և եզրակացության մեջ արձանագրվել է հետևյալը. որ երբ դեպքից հետո Վարդան Պետրոսյանին բերել են բժշկական կենտրոն և նա հետազոտվել է, հիվանդության պատմություն է կոչվում չէ՞, դրա մեջ գրի է առել հետևյալը, որ նա գտնվել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում և որ վրայից խմիչքի հոտ է գալիս: Եվ այդ գրությունը փորձագետը արձանագրել է: Հիմա, թե ի՞նչ մեթոդով են ստուգել չեմ կարող ասել»,- ասել էր նա:
Ասվածի առնչությամբ 168.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանից: «Ես հեռուստատեսությամբ տեսա, որ ինքն էլ հաստատեց, որ փորձաքննություն կատարելուց հետո հերքվել է Վարդան Պետրոսյանի խմածությունը: Ասեմ, որ իր խմածությունը ստուգվել է առաջինը Նաիրիի բժշկական կենտրոնում, Եղվարդ քաղաքում, որից հետո ինքը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց:
Ես ունեմ գրություն, որ այնտեղ խմածություն չի ստուգվել, որից հետո նշանակվել է երկու փորձաքննություն՝ դատաբժշկական և դատաքիմիական, որի ժամանակ իր խմածությունը չի հաստատվել: Սրանք են գործում եղած ապացույցները: Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել, ապա ասեմ Ձեզ, որ քրեական գործով կա ընթացակարգ խմածությունը ստուգելու: Դա կարգավորվում է կառավարության որոշմամբ, և կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն էլ ստուգվել է խմածությունը: Օրենքի որևէ խախտում չի եղել: Քննիչի որոշման հիման վրա է խմածությունը ստուգվել և գրվել է՝ սթափ: Եթե կասկած կար, որ ինքը խմած էր, թող քննիչն այդ պահին նշանակեր կրկնակի ստուգում: Քննիչն ինքն էլ չի կասկածել, որ նա խմած է եղել: Կամ եթե կար կասկած, որ խմած է, ինչո՞ւ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ չէր գրել, որ ինքը խմած վիճակում է եղել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հարցին՝ արդյոք փոփոխություն կա՞ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակում, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե առողջացած լիներ, ապա հիվանդանոցում չէր գտնվի»:
Նշենք, որ Վարդան Պերոսյանն այժմ գտնվում է «Դատապարտյաների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգիքր 242-րդ հովածի 3-րդ մասով: