Արմեն Երիցյանը՝ Վլադիմիր Գասպարյանի մասին. «Վովայից չեմ սպասում էդպիսի բան»

Արտակարգ իրավիճակների նախարար, նախկին ոստիկան Արմեն Երիցյանը չի հավատում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, ով նոյեմբերի 5-ին՝ Անոնիմուսների օրը, իր համակիրների հետ Գայ Ֆոքսի դիմակներով պատրաստվում էր գնալ Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Շանթ Հարությունյանին տեսակցելուց հետո հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանն իրեն պատմել է, որ Վլադիմիր Գասպարյանը ծեծել է իրեն:

168.am-ի հետ զրույցում Արմեն Երիցյանն այս առնչությամբ ասաց. «Չէ, չեմ կարծում, որովհետև Վլադիմիր Գասպարյանին շատ լավ եմ ճանաչում, ինքն իմ ընկերն է: Ինչի՞ պիտի գնա ծեծի ենթարկի ոստիկանության պետը: Դուք գիտեք՝ ինքը շատ կիրթ, լավ ոստիկան է և չեմ հավատում, չի կարող էդպիսի բան լինել»:

Մեր դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանը Փաշինյանին պատմել է, որ ոստիկանապետը ծեծել է իրեն, անգամ ասել է, որ մարմնի վրա կան բռնության հետքերը, Արմեն Երիցյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ով ում ինչ է պատմել… Իմ կարծիքն եք հարցնում և ես ասում եմ՝ Վովայից չեմ սպասում էդպիսի բան»:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է նրան՝ արդյոք նոյեմբերի 5-ին ոստիկանության կողմից ցուցաբերած գործողություններն իրավաչա՞փ էր, նախկին ոստիկանը պատասխանեց. «Ես որպես նախկին ոստիկան գնահատական չեմ տալիս, թող ներկայիս ոստիկանները այդ գնահատականը տան: Թույլ տվեք ես փրկարարական աշխատանքի համար գնահատական տամ»,- ասաց նա:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս