Մեկ տարում Ամազոնի անտառների ոչնչացման արագությունն աճել է գրեթե 30 տոկոսով
BBC-ի փոխանցմամբ՝ մոլորակին թթվածին մատակարարող Ամազոնի արևադարձային անտառների ոչնչացման արագությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1/3-ով: Բնապահպանները քննադատում են Բրազիլիայի կառավարությանը՝ ողջ մարդկությանը բաժին ընկած ժառանգության հանդեպ նմանատիպ անտարբերություն ցուցաբերելու համար:
Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ Ամազոն գետի շրջանում կտրուկ աճել է անտառազրկման մակարդակը: Բրազիլիայի շրջակա միջավայրի պահպանման նախարար Իզաբելա Տեյշեյրայի խոսքերով՝ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում անտառների ոչնչացման մակարդակն աճել է գրեթե 30 տոկոսով:
Նախարարն անտառների ոչնչացումը որակել է որպես հանցագործություն՝ ընդգծելով, որ կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ տվյալ միտումը փոխելու համար: Տեյշեյրան հայտարարել է, որ իրենց համար կտրականապես անընդունելի են անտառահատման արագ տեմպերը:
Շրջակա միջավայրի պաշտպանները կարծում են, որ անտառների ոչնչացման աճը պայմանավորված է անտառների պաշտպանության մասին վիճելի, բարեփոխիչ օրենքով: Անտառապատ տարածքների տերերի համար առավել շահավետ է կտրել, քան պահպանել ծառերը: Ազատ տարածքներում աճեցնում են գյուղատնտեսական կուլտուրաներ, որոնց համաշխարհային գները շարունակ աճում են:
Ընդգծվում է, որ նախորդ տարի Բրազիլիան հայտարարել էր դիտարկումների ողջ ժամանակաշրջանում Ամազոն գետի շրջանում անտառահատման ամենացածր մակարդակի գրանցման մասին: