Կոռուպցիոն ռիսկերը իսկապես նվազել են՝ կարծում է Հրայր Թովմասյանը (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին՝ տեղյակ պահելով, որ հնարավորություն կա ևս մեկ անգամ դիմելու ծրագրին: Ըստ նրա՝ նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին և որոնց գծով ՀՀ-ն պետք է ունենար դրական արդյունքներ: Տ. Սարգսյանը նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ, իսկ հիմնական թույլ կողմ համարվող կոռուպցիոն ռիսկերի ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կոռուպցիոն ռիսկերից հասարակության դժգոհությունը բացատրեց այսպես. «Մի բան է իրական նվազումը, մեկ այլ բան՝ հասարակության ընկալումը: Իրավաբանական անձի գրանցումը կարող ես 15 րոպեում անել, ոչ մեկին չտեսնել ու ամենամեծ ցանկության դեպքում չես կարող կաշառք տալ: Նույնը կատարվում է ԶԱԳՍ-ում՝ երեխայի ծննդյան վկայականը կարող ես ստանալ ավտոմատ կերպով: Մոտ ժամանակները դա կլինի նաև ծննդատանը»:
«Մենք միշտ ապավինել ենք մարդուն, բայց օրենսդրությունը պետք է այնպես լինի, որ դա հասցվի նվազագույնի: Կարծում եմ, վերջին տարիներին կոռուպցիոն ռիսկերը նվազել են: Կառավարության այն ծրագիրը, որ պետության կողմից մատուցվող ծառայությունները կարելի կլինի ստանալ առցանց կամ 1 պատուհանից, ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոց է»,- նշեց Հ.Թովմասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում