Թուրքիայի ոստիկանությունը ստացել է Bell 429 տիպի առաջին ուղղաթիռները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Bell Helicopter ընկերությունը Թուրքիայի ոստիկանությանն է հատկացրել Bell 429 տիպի բազմաֆունկցիոնալ առաջին 7 ուղղաթիռները: Դրանց մատակարարումն իրականացվել է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին՝ գրաֆիկից շուտ:
Թուրքիային հատկացված բոլոր ուղղաթիռներն արդեն իսկ հանձնվել են շահագործման և օգտագործվում են ավտոմայրուղիների անվտանգության ապահովման և դիտարկման ժամանակ: Bell 429-ը հագեցած է բազմառեժիմ տեսախցիկներով և տեսաձայնագրման համակարգերով:
Թուրքիայի ոստիկանությունը Bell Helicopter-ի հետ Bell 429 տիպի 15 ուղղաթիռի մատակարարման շուրջ պայմանագիրը ստորագրել է 2012 թվականի մարտին: Գործարքի գումարը չէր հրապարակվել, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ դա կազմել է մոտ 75 միլիոն դոլար:
Ամերիկյան ընկերությունը խոստացել է մնացյալ ուղղաթիռները Թուրքիային հատկացնել 2014 թվականին՝ դարձյալ գրաֆիկից շուտ: Bell 429-ն ունակ է զարգացնել մինչև 287 կմ/ժամ արագություն և թռիչքներ իրականացնել մինչև 700 կիլոմետր հեռավորության վրա: Ուղղաթիռը կարող է տեղափոխել մինչև 7 մարդու, նրա բեռնունակությունը կազմում է 1.25 տոննա: