
Նեթանյահուն նոր բնակատեղիներ կառուցելու պլանը վերանայել է Ջոն Քերիի հետ զրույցից հետո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նոր բնակատեղիներ կառուցելու վերաբերյալ պլանը որոշել է վերանայել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցից հետո: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին.
«Քերին երեկ խոսել է նրա հետ: Սակայն այդ որոշումը միանձնյա ընդունել է վարչապետ Նեթանյահուն: ԱՄՆ-ը չի թաքցնում իր դիրքորոշումը, որ պաղեստինյան տարածքներում բնակատեղիների կառուցումն ապօրինի է»:
Պսակին ընդգծել է, որ պահպանվում է մինչև 2014 թվականի ապրիլը մերձավորարևելյան խնդրի կարգավորման շուրջ համաձայնության հասնելու նպատակը:
Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները նախօրեին վերանայել էին Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում 24.000 տներ կառուցելու պլանը: