Հայաստանը «National Geographic Traveler»-ի «Տարվա հայտնություն» մրցանակի հաղթողն է
Օրերս ամփոփվեցին «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպված լավագույն զբոսաշրջային ուղղության մրցույթի առցանց քվեարկության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է cf.am-ը:
Քվեարկությանը մասնակցել են շուրջ 65 հազար մարդ:
Արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց «Տարվա հայտնություն» անվանակարգում:Սույն տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ զբոսաշրջության խթանման ուղղությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ ռուսաստանյան շուկայում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից:
Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին, ՀԱՄՀ հրավերով ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում էր հյուրընկալվել «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմը: Այցի արդյունքում «National Geographic Россия» և «National Geographic Traveler» ամսագրերում հրապարակվել են Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք: