10 տարում Իլհամ Ալիևի թիմն առաջին անգամ հայտնվել է «կրկնակի ճնշման» անսովոր իրավիճակում. ադրբեջանական մամուլ

Ռուսական REX լրատվական գործակալությունն անդրադարձել է Ադրբեջանի շուրջ ծավալվող վերջին զարգացումների, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա թուրքական այցի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին. 

«Հերթական անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրված Իլհամ Ալիևն ընտրություններից հետո իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է դեպի Թուրքիա: Դա հետ կապված Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը հայտարարել է, որ «դա ավանդույթ» է: 

Միևնույն ժամանակ Բաքվի ԶԼՄ-ները փորձում են իմաստավորել այդ փաստը` հաշվի առնելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է դեպի Ռուսաստան: Minval.az-ի վերլուծական ծառայությունը հրապարակել է «Եվրասիական ծուղակ» խորագրով զեկույցը, որում նշված է.

«Ըստ էության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահության 10 տարվա ընթացքում նա և նրա թիմն առաջին անգամ հայտնվել է անսովոր իրավիճակում` «կրկնակի ճնշման» տակ». թե՛ ԱՄՆ-ի (Արևմուտք), թե՛ Ռուսաստանի կողմից: 

Ընդ որում, ԱՄՆ-ի (Արևմուտք) ճնշումը` չնայած այլ դրդապատճառների հավանականությանը, այնուամենայնիվ, ունի հստակ հիմնավորում. դա պայմանավորված է նախագահական ընտրություններին առնչվող դժգոհությամբ, որոնք հեռու են եղել ժողովրդավարության չափորոշիչներից, և միտված է նրան, որ պաշտոնական Բաքվին մղի քննադատության հանդեպ հանդուրժողական ըմբռնմանը և բարեփոխիչ քայլերին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ճնշմանը, ապա զեկույցի հեղինակների կարծիքով` այն ձևակերպված չէ քաղաքական առումով, կրում է առավել միջնորդավորված ու քողարկված բնույթ` թեև դրանից այն չի դադարում վտանգավոր հանդիսանալուց: 

Նրանք կարծում են, որ երկար ժամանակ անգամ ամենալավատեսական տրամադրվածությամբ ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետներն առանձնապես հույսեր չեն կապել Եվրասիական միությանն Ադրբեջանի հնարավոր մասնակցության կամ պատրաստակամ լինելու հետ: 

Սակայն ներկայիս (հոկտեմբերի 9-ի) նախագահական ընտրությունները չար կատակ են խաղացել մեր իշխանության հետ, և նկատելիորեն թուլացրել են երկրի դիրքերը. (նախագահական) երրորդ ժամկետի խնդիրը, ոչ լեգիտիմության դամոկլեսյան սուրը, Արևմուտքի կոշտ քննադատությունը, ադրբեջանական հասարակությունում ուժեղ դժգոհությունը:

Զեկույցի հեղինակները չեն բացառում, որ Կրեմլն այդ պահը համարել է ճնշում գործադրելու համար ամենաբարեպատեհ պահը: Նրանք վստահ են, որ պաշտոնական Բաքուն ինքն է իրեն դրել շատ բարդ իրավիճակում, երբ պետք է պահել պաշարումն ԱՄՆ-ի (Արևմուտքի) ժողովրդավարական ճնշումից և Ռուսաստանի նեոկայսերական ճնշումից:

Նրանք «այդ ճնշումների միջև» տարբերությունը տեսնում են նրանում, որ ԱՄՆ-ը (Արևմուտքը) թեև ժողովրդավարության ու բարեփոխումների կոչերով զայրացնում է մեր իշխանություններին, սակայն ոտնձգություն չի գործում երկրի քաղաքական ինքնիշխանության նկատմամբ, մինչդեռ Ռուսաստանն իրական «մահափորձ» է իրականացնում Ադրբեջանի անկախության ու ազգային շահերի դեմ: 

Զեկույցի հեղինակները կարծում են, որ այդ ճակատագրական հարցում իշխանությունները տուրք չեն տալիս Ռուսաստանի ակնհայտ շանտաժին, և ամենայն հավանականությամբ, կփորձեն Կրեմլի հետ վարել տևական դիվանագիտական խաղ` «այո և ոչ չասելու» սկզբունքով` փորձելով ստանալ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի այլընտրանքային աջակցությունը, ժամանակ ձգել, համաձայնության պատրանք ստեղծել կամ տալ մշուշոտ խոստումներ: 

REAL շարժման ներկայացուցիչ էրկին Գադիրլին ընդգծել է, որ երբ Ադրբեջանի իշխանությունները խոսում են երկրի անվտանգության մասին, ապա դրա տա ենթադրում ե սեփական իշխանության անվտանգություն: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրություններից գրեթե մեկ ամիս անց որոշեց շնորհավորել Իլհամ Ալիևին` Ադրբեջանի նախագահի պաշտոնում երրորդ անգամ ընտրվելու կապակցությամբ: Կառավարամետ լրագրողներն ու քաղաքական գործիչները Օբամայի հեռագիրը դիտարկեցին որպես մեծ հաղթանակ: 

Դրանով իսկ ընդդիմությունն ու ալիևյան իշխանության քննադատները կորցրեցին սեփական գաղափարական պայքարում իրենց վերջին փաստարկը, նախագահի երրորդ ժամկետին առնչվող ոչ լեգիտիմության հետ կապված բոլոր հաշվարկները չարդարացրին իրենց: ԱՄՆ-ը մտադիր չէ «ձեռքից բաց թողնել» Ադրբեջանը: 

ԱՄՆ-ին մտահոգում է Ռուսաստանի ու Ադրբեջանի մերձեցումը: Չի բացառվում նաև, որ Վաշինգտոնը ցանկանում է պաշտոնական Բաքվին պահել մշտական լարվածության մեջ: Եվ այնուամենայնիվ, ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի ներկայիս իշխանությունների (միանձնյա իշխանության) պահպանման մեջ` մեկ մարդու վրա ճնշում գործադրելու և նրանից ստանալու համար այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրեն: 

Ադրբեջանական Yeni Musavat թերթը գրել է, որ Ադրբեջանում միանձնյա իշխանությունը բխում է Արևմուտքի շահերից: Ալիևին Օբամայի շնորհավորելու հետ կապված` թերթն ընդգծում է, որ ԱՄՆ-ը երբեք չի հանդիսացել հուսալի ժողովրդավարական գործընկեր, և որ նրան ավելի շատ մտահոգում են սեփական շահերը: 

Թերթի կարծիքով` եթե մինչև այս տարեվերջ պաշտոնական Բաքուն բաց չհայտարարի Եվրաատլանտյան տիրույթում ինտեգրվելու ուղու ընտրության մասին, ապա ԱՄՆ-ը կարող է փոխել իր քաղաքական կուրսը, այսինքն փոխել Ադրբեջանի կառավարության նկատմամբ իր վերաբերմունքը: 

Թերթը հիշեցնում է, որ 1978 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմմի Կարտերն այցելել է Թեհրան և իր աջակցությունը հայտնեց Իրանի շահական վարչակարգին, սակայն ընդամենն ամիսներ անց Իրանում իշխանության եկավ ընդդիմությունը (Իսլամական հեղափոխություն):

Թերթը եզրակացնում է, որ Ալիևին հասցեագրած Օբամայի հեռագիրն ապացույց չէ նրա, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի կառավարությանը. «Ընդհակառակը, այս կամ այն երկրի կառավարության ճակատագիրն ընդհանրապես կախված չէ անգամ ԱՄՆ նախագահի շնորհավորական հեռագրերից»: 

«Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը, վերլուծելով Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման մասին ոչ վաղ անցյալում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի արած հայտարարությունը, կարծում է, որ ոմանք Բաքվում կփորձեն օգտվել այդ հայտարարությունից` հակաթուրքական նոր ալիք և հակաարևմտյան հիստերիա բարձրացնելու համար: 

Միրկադիրովի խոսքերով` Ադրբեջանի պաշտոնատար անձինք փորձում են չնկատել այն հայտարարությունները, որոնք ուղղված են թե՛ խաղաղության բանակցությունների, թե՛ Ադրբեջանի ազգային-պետական շահերի տորպեդահարմանը: Միրկադիրովն այդ հայտարարությունների թվում նշել է նաև ոչ վաղ անցյալում Գյումրու ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու արած հայտարարությունը.

«Իսկ եթե մամուլը պարզապես «հարկադրում է» նկատել այդ հայտարարությունները, ապա իշխանությունների ներկայացուցիչները փորձում են նվազեցնել դրանց նշանակությունը: Սակայն մենք նախընտրում ենք ոչինչ «չնկատել»: Այդպես ավելի հեշտ է: 

Ցանկալի է հավատալ, որ դրա պատճառը միայն զգուշավորությունն է և ուրիշ ոչինչ: Չէ՞ որ բոլորը գիտակցում են մեկ պարզ ճշմարտություն. պարոն Պուտինը հիանալի գիտի, թե ում և ինչի համար է պարգևատրում, և ում և ինչի համար է պատժում»:

Տեսանյութեր

Լրահոս