Երկրաբանական թանգարանի ցուցանմուշները թվայնացվում են
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի ցուցանմուշները սկսվել են թվայնացվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը՝ նշելով, որ ցուցանմուշների թվայնացումը հետագայում հետաքրքրասերներին հնարավորություն կտա ընդամենը թանգարանի ինտերնետային կայք այցելելով՝ ծանոթանալ դրանց:
Ըստ Գ. Գրիգորյանի՝ նախաձեռնությունն իրենց է պատկանում, քանի որ նպատակ ունեն թանգարանի ցուցանմուշների ցուցադրությունը հասանելի դարձնել ինչպես տեղաշարժման հետ խնդիրներ ունեցող մարդկանց, այնպես էլ՝ Հայաստանից դուրս գտնվող գիտնականներին և երկրաբաններին:
«Մենք թվայնացումը սկսել ենք Միներալների բաժնից, որտեղ պահվում են յուրահատուկ կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր, բյուրեղներ և այլն»,- ասաց Գ. Գրիգորյանը՝ նշելով, որ թվայնացրել են արդեն 20 ցուցանմուշ, ինչը նշանակում է, որ դրանց համար հատուկ անձնագրեր են ստեղծվել, որոնք տեղեկատվություն են պարունակում տվյալ ցուցանմուշի քաշի, ձևի, արտաքին տեսքի, հատկությունների մասին: Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարի թանգարանում բացված Միներալների բաժնում պահվում է 2000-ից ավելի ցուցանմուշ, իսկ թանգարանում գոյություն ունի մոտ 13 հազար ցուցանմուշ:
Գ. Գրիգորյանը նշում է, որ այս աշխատանքը երկարաժամկետ ծրագիր է, սակայն ֆինանսական օգնության դեպքում (աշխատավարձերի տրամադրում, լուսանկարչական սարքերի ձեռքբերում, և այլն), այս գործն ավելի արագ կկարողանան ավարտին հասցնել ու թվայնացված ցուցանմուշները տեղադրել արդեն թանգարանի ինտերնետային կայքում:
«Մենք, իհարկե, էնտուզիազմով աշխատում ենք, սակայն սա հսկայական աշխատանք է, իսկ էնտուզիազմը մեկ օր հնարավոր է՝ սպառվի, մինչդեռ թվայնացման գործընթացը կարևոր է այժմյան ժամանակաշրջանում՝ ժամանակին համընթաց քայլելու համար: Բացի այդ, այն կարող է նաև հավելյալ այցելուներ բերել և հետաքրքրություն առաջացնել թանգարանի նկատմամբ»,- ասաց Գ. Գրիգորյանը: