Բաժիններ՝

Հավելվածը կտեղեկացնի Android ՕՀ-ով աշխատող բջջայինը կորցնելու մասին

Հայ ծրագրավորողների կողմից ստեղծված SIM Card Change Notifier հավելվածի միջոցով Android օպերացիոն համակարգով (ՕՀ) աշխատող սմարթֆոնների օգտատերերն՝ այն կորցնելու դեպքում, կարող են տեղեկանալ այդ մասին: Նշյալ հավելվածը գրել են Instigate Mobile ընկերության մասնագետները: Ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հավելվածը ներբեռնելիս անհրաժեշտ է նշել, թե սմարթֆոնները կորցնելու դեպքում ո՞ր հեռախոսահամարին պետք է հավելվածը SMS հաղորդագրություն ուղարկի:

«Կորցրած հեռախոսի SIM քարտի փոփոխման դեպքում անմիջապես այդ մասին տեղեկացնող  SMS հաղորդագրություն է գալիս նախօրոք գրանցված համարին։ SMS հաղորդագրությունը պարունակում է նաև GPS կոորդինատները, որտեղ այդ պահին գտնվում է սմարթֆոնը»,- ասաց Ա. Չոփուրյանը: Նրա խոսքով` այս ընթացքում հավելվածի համար որևէ գովազդ կամ տեղեկատվություն չեն տարածել, սակայն դրա նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ հավելվածը ներբեռնվել է արդեն ավելի քան 30 հազար անգամ:

Ա. Չոփուրյանը նշում է, որ իրենք հավելվածը ստեղծել են մոտ 2 տարի առաջ, այն աշխատում է Android 2.2-ից սկսած սմարթֆոնների համար, սակայն շուտով՝ մոտ 1 ամսից, կթողարկվի հավելվածի նորացված տարբերակը, որն ավելի արդյունավետ կաշխատի Android ՕՀ-ի ավելի նոր տարբերակների համար և կպարունակի մի շարք նոր ֆունկցիոնալ բաղադրիչներ։

iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների`iPhone-ների համար նման հավելվածի ստեղծման հնարավորության մասին Ա. Չոփուրյանը նշեց, որ դրանց համար նման հավելված հնարավոր չէ ստեղծել, քանի որ Android-ի տրամադրած ինտերֆեյսն այդ առումով ավելի հարուստ է, մինչդեռ iOS-ում այն բավականին սահմանափակ է, ինչն էլ հնարավորություն չի տալիս նման հավելվածներ մշակել iOS-ով աշխատող սարքերի համար:

Կարդացեք նաև

Նշենք, որ հավելվածն անվճար է, այն կարելի է ներբեռնել այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս