Բաժիններ՝

«Գծատերերը» պահանջում են 200 դրամ ուղեվարձ, որից 50-ը պետք է վճարի կառավարությունը

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով քաղաքապետարանում ձևավորված հանձնաժողովը 3 ամսում ընդամենը 2 նիստ է անցկացրել, իսկ ուղևորափոխադրող ընկերությունները պահանջում են արագացնել աշխատանքները և որոշում կայացնել: Երեկ ուղևորափոխադրողների միության կողմից քաղաքապետարանին ներկայացվել է նման պահանջով բաց նամակ, որը 62 կազմակերպություններից 57-ը ստորագրել են:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թիվ 4 երթուղին սպասարկող «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանը, իրենց հաշվարկներով Երևանում 1 ուղևորավարձը պետք է լինի 200 դրամ:

«Երեկ 1 ժամ սպասեցնելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցն ընդունել է 3 հոգու: Ասում են՝ մենք շահել ենք մրցույթը 100 դրամով, բայց մենք ի՞նչ իմանայինք, որ գազն ու պահեստամասերը կթանկանան: 100 դրամով մեքենա շահագործելն անհնար է: Բարեփոխում են ուզում, բայց այս տարիների ընթացքում մեքենապարկն անընդհատ թարմացվել է»,- ասաց Պ.Միհրանյանը:

Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նկատեց, թե ձմեռը վաղը մյուս օր գալու է, շահագործվող մեքենաները համապատասխան անվադողեր չունեն, իսկ կապրոնե անվադողերով ուղևորափոխադրում կատարելը մարդասպանություն է: Ըստ նրա՝ ընկերությունների տնտեսական վիճակը անմխիթար է, չեն կարող ձեռք բերել նոր անվադողեր, չսառչող հեղուկներ և այլն: Հ.Եղիազարյանի խոսքով՝ հանձնաժողովը պետք է արագացնի աշխատանքները, 3 օրում վերջնական որոշում ընդունի, որպեսզի փոխադրողներն էլ կողմնորոշվեն՝ կկարողանա՞ն շարունակել աշխատել, թե ոչ. «Մենք պատրաստ ենք ռադիկալ գործողությունների, ընդհուպ մինչև չաշխատելը»:

Կարդացեք նաև

«Մենք պատրաստ ենք աշխատել 150 դրամով, եթե մնացած 50 դրամը կառավարությունը դոտացիա տա»,- հայտարարեց Հ.Եղիազարյանը՝ հավելելով, որ ուղևորների 10%-ը երթևեկում է անվճար, կառավարությունը դա էլ պետք է փոխհատուցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս