Ռուսաստանը Եգիպտոսին առաջարկել է զենքի գնման պատմական գործարք. մամուլ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսը պատրաստվում է մոտ ժամանակներս Ռուսաստանից գնել ամենաժամանակակից զինատեսակներ: Առաջին գործարքը կարող է կազմել 4 միլիարդ դոլար: Նշվում է, որ Պարսից ծոցի երկրներից մեկը համաձայնվել է այդ հարցում ֆինանսավորել Եգիպտոսին:
Մոսկվան Կահիրեին առաջարկել է պատմական գործարք՝ Եգիպտոսին իրավունք տալով ընտրել ամենաժամանակից զինատեսակներ՝ առանց դրանց հարցում որևէ սահմանափակման, ինչը հաճախակի երևույթ չէ: Այս տեղեկատվությունն ի հայտ է եկել ռուսական պատվիրակության եգիպտական այցի նախաշեմին:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-15-ին պաշտոնական այցով մեկնելու է Եգիպտոս և Սերբիա: Նշվում է, որ նախկինում Եգիպտոսին զենքի հիմնական մատակարարը հանդիսացել է Խորհրդային Միությունը:
ԱՄՆ-ը տարեկան 1.5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Եգիպտոսին: Սակայն այս տարի Վաշինգտոնը վերանայել է դա՝ կապված հուլիսին զինվորականների կողմից նախագահ Մոհամմեդ Մուրսիին պաշտոնանկ անելու հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բրիտանական The Sunday Times թերթը գրել էր, որ Պուտինը փորձում է օգտվել ԱՄՆ-ի ու Եգիպտոսի միջև առաջացած ճգնաժամից: Մասնավորապես, նշվում էր, որ Ռուսաստանն իր ռազմածովային նավատորմի համար նոր բազա է փնտրում Միջերկրական ծովում, որը կկարողանա փոխարինել սահմանափակ հնարավորություններով սիրիական Տարտուսին: