Վ. Գասպարյան. Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե ինքը և իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ:

«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ (ոստիկանության Կենտրոնականի) բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել,- հայտարարել է Գասպարյանը՝ շարունակելով,- Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է»:

«Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն», – ասել է ոստիկանապետը:

Դիտարկմանը, որ Շանթ Հարությունյանը նախքան երթը հայտարարել էր, որ իրենք զինված են բենզինի շշերով, քարով, փայտով և այլ իրերով, իսկ ոստիկանությունն, իր հերթին, հաղորդագրություն էր տարածել, որ Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում, և հարցին, թե այդ ամենը հաշվի առնելով, հնարավոր չէր նախապես կանխել բախումը, Վլադիրմիր Գասպարյանն արձագանքել է.

Կարդացեք նաև

«Հայտարարվեց և կանխվեց: Եթե մտածում եք, որ հենց այդ պահին հայտարարվում է և ձեռնաշղթաները հագցնում են և տանում են, դուք սխալվում եք: Հայտարարվեց և կանխվեց միջադեպը: Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, և ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»:

«Ոստիկանները ոչ իրավաչափ չեն գործել, – հայտարարել է ոստիկանապետը` շարունակելով,- Դուք նկատեցի՞ք, որ ոստիկանները նույնիսկ ռետինե մահակներ չունեին: Դատարկ ձեռքերով կանգնած էին»:

Գնահատելով կատարվածը` Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Քրեական հանցագործություն է, ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները և այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը»:

Ոստիկանապետի խոսքով, միջադեպի հետևանքով, բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել:

Նա նաև չբացառեց, որ ձերբակալվածների թիվն ավելանա:

Հավելելնք, որ ոստիկանությունն այսօր իր պաշտոնական կայքում անդրադարձել է ոստիկանապետի ու նրա տեղակալի կողմից Շանթ Հարությունյանին ու Վարդան Վարդանյանին բռնության ենթարկելու մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ այն որակելով որպես ապատեղեկատվություն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս