Արգիշտի Կիրվիրյանին մեղադրանք կառաջադրվի՞. Կիվիրյանը ՀՔԾ-ում է
«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը քիչ առաջ մտել է Հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ Ա. Կիվիրյանի փաստաբանները երեկ ծանուցագիր էին ստացել, որտեղ նշված էր, որ Արգիշտի Կիվիրյանը պետք է ներկայանա ՀՔԾ՝ որպես մեղադրյալ:
«Պարզ է դրանից, որ այսօր ինձ մեղադրանք է առաջադրվելու: Դա վկայում է, որ նախաքննական մարմինը փոխանակ զբաղվի գործի լիարժեք բացահայտմամբ, իմ դեմ բռնություն կիրառած անձանց բացահայտմամբ և նրանց պատասխանատվության հարցը դրվի, իրականացնում է քաղաքական հաշվեհարդար իմ նկատմամբ»,- մինչև ՀՔԾ մտնելն ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Նա պնդեց, որ ինքը որևէ բռնություն չի կիրառել իրեն ոստիկանական բաժանմունք բերման ենթարկող ոստիկանների նկատմամբ. «Սա միանշանակ քաղաքական հաշվեհարդար է՝ հաշվի առնելով, որ բացի այս քրեական գործից՝ այս պահի դրությամբ իմ դեմ առկա է չորս վարչական վարույթ, որոնցից մեկն արդեն գտնվում է դատարանում:
Այդ ամենը վկայում է, որ ռեժիմը ամեն ձևով ինձ փորձում է մեկուսացնել, այսինքն՝ ստեղծել մի իրավիճակ, որպեսզի ես զբաղվեմ ոչ թե իմ հասարակական, իրավապաշտպանական գործունությամբ, այլ ողջ օրը գամ ՀՔԾ կամ գնամ դատարաններ»:
Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ իրեն կուղեկցեն փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Հավելենք, որ Ա. Կիվիրյանի փաստաբանները ծանուցագիր ստացել են երեկ ուշ երեկոյան, ուստի նա ժամանակ չի ունեցել իր կոլեգաներին դիմելու. «Չէին հասցնի հավաքվել այսօր»,- ասաց նա:
Այս պահին «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի», «Ձեռքներդ հեռու Արգիշտի Կիվիրյանից» վերտառությամբ պաստառներով մի խումբ ակտիվիստներ ակցիա են անցկացնում ՀՔԾ շենքի դիմաց:
Լուսանկարները՝ հեղինակի