ՀՀ ՊԵԿ-ը՝ Մաքսային միությանն անդամակցությանն ընդառաջ
«Միջազգային առևտրի ծավալների մեծացման, տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի համատեքստում մաքսային մարմինը ևս պետք է դրսևորի վերակառուցման, ժամանակին համընթաց դինամիկ զարգացմանն ուղղված քաղաքականություն: Հետևաբար ՀՀ մաքսային մարմինն իր առջև դրված խնդիրների լուծման կարևորագույն բաղադրիչ է համարում հստակ պլանավորված միջոցառումների իրականացմանն ուղղված քայլերի իրականացումը, որոնք էլ իրենց հերթին կապահովեն ռազմավարական ծրագրում արտացոլված նպատակները և խնդիրների լուծումը»,- ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թվականների ծրագրում, որը ներկայացվել է ՀՀ կառավարության ուշադրությանը և հարցը ներառվել է գործադիրի վաղվա նիստում:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության հետ համագործակցության և Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցության ուղղությամբ իրականացվող միջոցառումներում ՊԵԿ ներգրավվածությունը` այս ծրագրում, ըստ դրա հեղինակների, հատուկ ուշադրություն է դարձվել նաև ՊԵԿ մաքսային ծառայության կողմից ստանձնած պարտավորությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը` այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումները տեղափոխելով ռազմավարական հենքի վրա: Նախանշվել են մաքսային ծառայությունում գալիք երկու տարիների ընթացքում նախատեսվող բարեփոխումների ռազմավարական ուղղությունները:
Երկարաժամկետ հատվածում մաքսային մարմինը որպես մաքսային վարչարարության զարգացման հեռանկար նախանշել է՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան մաքսային համակարգի առկայություն` ապահովելով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին բարձրորակ մաքսային ծառայությունների մատուցում, արդյունավետ մաքսային հսկողություն, պետական բյուջե մուտքագրվող մաքսային և այլ եկամուտների սահմանված ժամկետներում հավաքագրում: