Betchili. Հայկական նոր նախագիծը հնարավորություն կտա անվճար խաղադրույքներ կատարել
Դեռևս մեկ տարի առաջ մի խումբ հայ տղաներ ռուսական սպորտային կայքերից մեկի պատվերով խաղ էին ստեղծել: Նշյալ կայքում խաղը տեղադրելուց հետո մեկ ամսվա ընթացքում տվյալ ռուսական կայքի այցելուների թիվն մեկ ամսում ավելացավ 700-800-ով: Այժմ արդեն երիտասարդ հայ մասնագետները նախաձեռնել են նոր խաղ՝ ավելի լայն հնարավորություններով: Օրինակ, խաղի միջոցով ձեր ձեռքբերումների մասին դուք կարող եք կիսվել ձեր ընկերների հետ սոցիալական տարբեր հարթակների միջոցով`Facebook, Twitter և այլն:
168.am-ի հետ զրույցում Betchili նորաստեղծ նախագծի տնօրեն և համահիմնադիր Արտաշես Վարդանյանն ասաց, թե Betchili-ին սոցիալական սպորտային խաղադրույքներ կատարելու համար նախատեսված խաղ է, այն ծրագրում են տեղադրել հատկապես հայկական սպորտային հարթակներում, ինչն էլ, ըստ նրա՝ կապահովի տվյալ կայքերի այցելուների ավելացմանը: «Այսկերպ`մեր ստեղծած խաղի միջոցով տվյալ կայքի այցելուները հնարավորություն կունենան անվճար խաղադրույքներ կատարել ռեալ խաղերի վրա, ինչն էլ նշանակում է, որ նրանք տվյալ կայքում ավելի երկար ժամանակ կգտվեն: Բացի այդ, տվյալ կայքը նաև նոր այցելուների կկարողանա գրավել»,- ասաց Ա. Վարդանյանը: Նրա խոսքով`իրենք նոր նախագծի շրջանակներում հիմնականում համագործակցելու են ինչպես սպորտային կայքերի, այնպես էլ բուքմեյքերական գրասենյակների հետ:
Ըստ մեր զրուցակցի, նոր հարթակը՝ Betchili-ին, հնարավորություն կտա խաղադրույքներ կատարել ցանկացողներին վիրտուալ միավորներով զգալ հաղթանակի բերկրանքը: Հարթակն արդեն արդեն մոտ 90%-ով պատրաստ է, արդեն իսկ ձեռք են բերվել համաձայնություններ մի քանի հայկական սպորտային լրատվական կայքերի հետ՝ խաղն իրենց մոտ տեղադրելու համար: Ինչ վերաբերում է բուքմեյքերական գրասենյակների հետ համագործակցությանը, ապա նրանց հետ համագործակցությունը կսկսվի ավելի ուշ:
«Բուքմեյքերական գրասենյակների համար մեզ հետ համագործակցությունը, կարծում եմ՝ ևս շահավետ կլինի, քանի որ, օրինակ, հեռուստատեսությամբ գովազդ տեղադրելիս նրանք հսկայական գումարներ են տալիս, սակայն հեռուստատեսություն նայում են, օրինակ` խաղադրույքներ կատարող անձանց 5%-ը միայն, իսկ տվյալ դեպքում, օրինակ` բուքմեյքերական գրասենյակի գովազդը մեր խաղում ներառելիս նրանց մասին արդեն կիմանա պոտենցիալ թիրախային լսարանը, այսինքն` խաղադրույքներ կատարողները կամ առնվազն նման ցանկություն ունեցողները»,- ասաց Ա.Վարդանյանը:
Ի դեպ, նրա խոսքով` նախագիծը գնալով ավելի է կատարելագործվում և հավական է, որ հետագայում այն ևս միջազգային շուկայում հայտնվի: Ա.Վարդանյանի խոսքով` նոր նախագծի մենեջմենթի և մարքետինգային քաղաքականության ժամանակ իրենց բավականին օգնել է «Startup Cup» բիզնես մոդելների մրցույթը, որտեղ պրոֆեսիոնալների աջակցությամբ իրենց գաղափարն ավելի հստակ է ձևավորվել և բիզնես մոդելի տեսք է ստացել:
Տեղեկացնենք, որ Betchili նորաստեղծ նախագիծն ունի ինտերնետային կայք:
Լուսինե Մովսիսյան