Վարդան Պետրոսյանը ճնշման տատանումներ է ունեցել և այժմ հետազոտություն է անցնում

Դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ 168.am-ի հետ զրույցում կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն, ասաց որ դերասանը հիվանդանոց է տեղափոխվել շտապուժօգնության մեքենայով։ Նա ճնշման տատանումներ է ունեցել։ Շ. Հունանյանն ասաց, որ Վ. Պետրոսյանն այժմ հետազոտություններ է անցնում։ Դրանցից հետո միայն պարզ կլինի՝ նա կրկին կհոսպիտալացվի՞, թե՞ ոչ։

Հիշեցնենք,  որԵրևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել  «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել էր: Հոկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է մեկ այլ ուղևոր` Էդվարդ Հակոբյանը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):

Նշենք նաև, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Մեր հարցին՝ արդյոք դերասանին արդեն մեղադրանք կա՞ առաջադրված, Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Ես ասացի՝ կա ձերբակալման որոշում»:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Տեսանյութեր

Լրահոս