Սյունիքի մարզում ներդրումային համաժողով կկազմակերպվի

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում  կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:

Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, եւ կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ եկամտի աղբյուրներ: Համաժողովին կմասնակցի նաեւ ԵԱՀԿ  հրավիրված փորձագետը, ով Սյունիքի մարզի համար մշակելու է տնտեսական զարգացման փորձնական մոդելի տեխնիկական բնութագիրը: Հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներդրողներ: Դեսպանը նաեւ փոխվարչապետին հրավիրեց մասնակցել համաժողովի բացմանը:

Ա. Գեւորգյանը  ողջունելի համարեց նախաձեռնությունը`առաջարկելով   զարգացման մոդելի մշակման աշխատանքներում  ներգրավել նաեւ շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ դիտարկել օրինակելի մոդել մշակելու տարբերակը, որը հնարավոր կլինի նաեւ հիմք ընդունել բոլոր մարզերի համար:

Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց մասնակցել համաժողովի աշխատանքներին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս