Թուրքիան որոշել է փակել երկրում գործող «սիրիական ջիհադի» կառավարման կենտրոնները. Al-Akhbar
Al-Akhbar թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է փակել երկրում գործող «սիրիական ջիհադի» կառավարման կենտրոնները, որոնց ղեկավարում էին սաուդյան հետախուզության գործակալները: Այս մասին թերթին հայտնել են Անկարայում նրա իրազեկ աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ տվյալ որոշումն ընդունվել է երկու պատճառով. Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև հակասությունների կտրուկ սրում և Իրանի հետ Թուրքիայի մերձենալու ձգտում:
Թուրքերը չափազանց մտահոգ են, որ իրենց և իրենց դաշնակից Կատարին հեռացրել են սիրիացի ապստամբներին ղեկավարելուց, որոնց այժմ բացառապես վերահսկում են սաուդյան հատուկ ծառայությունների աշխատակիցները: Թուրքերի համար շրջադարձային կետ է հանդիսացել Թուրքիայի ու Կատարի աջակցությունը վայելող Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունը:
Թուրքիան վստահ է, որ այդ խռովության հովանավորը Սաուդյան Արաբիան է, և նրա գործողությունները դիտարկում է որպես արաբական Մաղրիբում թուրքական շահերի դեմ ուղղված հարձակում:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ապշած է վերադարձել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆայզալի հետ վերջին հանդիպումից: Նրան հայտնել են, որ Թուրքիային որևէ դեր չի հատկացվում սիրիական հարցում՝ անգամ ներկայիս վարչակարգի անկման դեպքում:
Թուրքերը կարծում են, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Հորդանանը նախապատրաստել և հուլիսի սկզբին իրականացրել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջումը, ինչը կազմում է նրանց պլանի առաջին փուլի իրագործումը:
Այդ պլանը մի կողմից ուղղված է Իրանի, Սիրիայի ու «Հզբոլլահի», իսկ մյուս կողմից էլ՝ Թուրքիայի, ՀԱՄԱՍ-ի, «Մուսուլման եղբայրների» ու Կատարի դեմ: Թուրքերը վստահ են, որ այդ ինտրիգներում ներգրավված է նաև Իսրայելը: