Այսօր ողջ Իրանում անցկացվում են հակաամերիկյան զանգվածային ակցիաներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ողջ Իրանում անցկացվում են հակաամերիկյան զանգվածային ակցիաներ: Դրանք կազմակերպվել են իշխանությունների կոչով և կապված են 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխական ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման տարեդարձի հետ:

Նախորդ տարիների նման Իրանի քաղաքների փողոցներում Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրն ուղեկցվում է երթերով՝ ի հիշատակ այդ պատմական իրադարձության: Ակցիաների մասնակիցները վանկարկում են նաև հակաիսրայելական կարգախոսներ:

Մայրաքաղաք Թեհրանում հանրահավաքը մեկնարկել է թափուր մնացած ԱՄՆ դեսպանատան շենքի պատերի մոտ: Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը երեկ հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ ԱՄՆ-ը նախկինի նման շարունակում է Իրանի ժողովրդի համար մնալ թիվ մեկ թշնամի:

1979 թվականի նոյեմբերի 4-ին՝ Իրանում իրականացված Իսլամական հեղափոխությունից 9 ամիս անց, երիտասարդները գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը: Մոտ 60 ամերիկացի՝ դիվանագետներ ու նրանց ընտանիքներ, որպես պատանդ պահվեցին 444 օր և ազատ արձակվեցին միայն 1981 թվականի հունվարին:

Տեսանյութեր

Լրահոս