Եգիպտոսում այսօր մեկնարկում է Մուրսիի գործով դատավարությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կահիրեում մեկնարկում է նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի գործով դատավարությունը: Նրան, ինչպես նաև «Մուսուլման եղբայրներ» շարժման 14 առաջնորդների մեղադրում են նախորդ տարեվերջին «Ալ-Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ ցուցարարների սպանությանը մասնակից լինելու մեջ:
Մուրսին զինվորականների կողմից պաշտոնանկ է արվել հուլիսի 3-ին՝ հակակառավարական զանգվածային ելույթների ժամանակ: Նա կալանքի տակ է վերցվել հուլիսի 26-ին և ցայժմ պահվում է Կահիրեի մոտ գտնվող և ռազմական հետախուզությանը պատկանող վիլլայում:
Մուրսիի գործն առնչվում է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, երբ հակաիսլամական ուժերը հավաքվել են նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով չեղյալ հայտարարել Սահմանադրության շուրջ անցկացած հանրաքվեն և Սահմանադրական հռչակագիրը: Մուրսին այդ օրենսդրական ակտով ըստ էության իր ձեռքում էր կենտրոնացրել իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական:
Բողոքի ակցիայի թեժ պահին ցուցարարների վրա էին հարձակվել զինված իսլամականները, և նախագահական նստավայրը նմանվել էր մարտադաշտի: Պաշտոնական տվյալներով, այդ ժամանակ զոհվել էր 10 և տուժել էր ավելի քան 700 մարդ: Ընդդիմադիր ակտիվիստները հայտնել էին ավելի քան 20 մարդու զոհվելու մասին:
Այս ամենից բացի, Մուրսին մեղադրվում է պետական դավաճանության, մի շարք այլ վայրերում, ուր բախումներ են գրանցվել ընդդիմադիրների ու իսլամականների միջև, ցուցարարների սպանությունը հրահրելու, 2011 թվականի սկզբին՝ հակակառավարական զանգվածային ելույթների օրերին, բանտից փախչելու, ինչպես նաև լրտեսական գործունեության մեջ՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ: