Հանրային խորհուրդը ոչ միայն Էդիկ Գրիգորյանի հոր դիմումին է ընթացք տվել, այլև ուրիշ դատապարտյալների
168.am-ը տեղեկացրել էր, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է, և այդ որոշման կայացման գործին, մեր տեղեկություներով՝ նպաստել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանն «Անկախ»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ ս.թ. հոկտեմբերի 24-ին Հանրային խորհուրդը դիմում է ստացել ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանից կողմից, որով վերջինս հայտնել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և պետք է շտապ վիրահատվի՝ խնդրելով Հանրային խորհրդին աջակցել խնդրի լուծմանը: Գրիգորյանը դիմումին կցել է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը, ըստ որի հիվանդն ունի անհապաղ վիրահատության կարիք:
Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին օրենքով սահմանված կարգով ապահովելու բուժօգնության տրամադրումը ցմահ դատապարտյալին:
ՀԽ գրասենյակի պատասխանատուն հավելել է, որ Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից ՀՀ քաղաքացիներից առողջական խնդիրների լուծմանն առնչվող բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնց մի մասը եղել են դատապարտյալների կողմից:
«Էդուարդ Գրիգորյանի հարցը հնարավոր է եղել շուտափույթ լուծել, քանի որ դիմումին կից ներկայացված է եղել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը հիվանդության և անհապաղ վիրահատության անհրաժեշտության մասին»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: