Սիրիայի քիմիական զինանոցը կոչնչացվի Ալբանիայում
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Հորդանանի ու Նորվեգիայի իշխանությունները հրաժարվել են թույլ տալ իրենց տարածքում սիրիական քիմիական զենքի հայտնվելը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը մոտ 2 միլիոն դոլար կհատկացնի սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար:
Չի բացառվում, որ Ռուսաստանը հատկացնի նաև տրանսպորտ՝ սիրիական քիմիական զինանոցը երկրից դուրս բերելու համար: Մոսկվան պլանավորել է նաև Սիրիա ուղարկել ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության գծով զինծառայողների, որոնք այլ երկրների զինվորականների հետ միասին կապահովեն ոչնչացման գործընթացի անվտանգությունը:
Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացի երկրորդ փուլն իրականացվելու է Ալբանիայի տարածքում, որն արդեն իսկ ունի նմանատիպ գործողությունների փորձ: 2007 թվականին Գերմանիայի, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի աջակցությամբ Ալբանիայում ոչնչացվել է մոտ 16 տոննա իպրիտ և թունավոր այլ նյութեր:
Սիրիայի քիմիական զինաթափման առաջին փուլն ավարտվել է հոկտեմբերի 31-ին: