
Ավարտվել է Սիրիայի քիմիական զինաթափման առաջին փուլը. OPCW

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (OPCW) այսօր հաստատել է Սիրիայի իշխանությունների կողմից հայտարարագրված քիմիական զենքի արտադրության համար նախատեսված ողջ սարքավորումների ոչնչացումը: Դրանով իսկ ավարտվել է Սիրիայի քիմիական զինաթափման առաջին փուլը:
OPCW-ի տեղեկատվության համաձայն, պաշտոնական Դամասկոսը հայտարարագրել էր 1300 տոննա քիմիական նյութեր, ինչպես նաև ավելի քան 1200 միավոր զինամթերք: Դրա հետ մեկտեղ Սիրիան տեղեկատվություն էր տրամադրել 41 կառույցի մասին, որոնք տեղակայված են 23 օբյեկտում և որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար:
OPCW-ի այսօր տարածած մամլո հաղորդագրությունում նշված է, որ OPCW-ը հաստատում է Սիրիայի կառավարության կողմից առանցքային կարևորության բոլոր սարքավորումների ֆիզիկական ոչնչացումը, որոնք նախատեսված են մարտական թունավոր նյութեր և զինամթերք արտադրելու համար: Ակնկալվում է, որ Սիրիայի քիմիական զինաթափման գործընթացն ամբողջովին կավարտվի հաջորդ տարվա կեսին: