Սահարա անապատում հայտնաբերվել է 92 ներգաղթյալի դիակ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիգերի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է Սահարա անապատում գտնել 92 ներգաղթյալի դիակ, որոնք մահացել են Ալժիր հասնելու փորձ ձեռնարկելիս:
Բրիտանական The Guardian պարբերականը հայտնել է 87 զոհի մասին, որոնցից 32-ը կանայք են, իսկ 48-ը՝ երեխաներ ու դեռահասներ: Նրանց դիակները հայտնաբերվել են այն վայրից 20 կիլոմետր հեռավորության վրա, ուր վնասվել է նրանց բեռնատարը: Նրանք բոլորն էլ փոքրաթիվ խմբերով շրջել են անապատով՝ ջուր փնտրելու ակնկալիքով:
Չի բացառվում, որ երեխաներին, որոնք կարող են հանդիսացած լինել իսլամական դպրոցի աշակերտներ, տարել են Ալժիր աշխատելու համար, որով և բացատրում է զոհերի մեջ այդչափ կանանց ու երեխաների առկայությունը: Հաջողվել է փրկել միայն 21 ուղևորի:
Մոտ 80.000 ներգաղթյալ յուրաքանչյուր տարի փորձում է հատել Սահարան՝ Հյուսիսային Աֆրիկայում կամ միջերկրածովյան այլ երկրներում աշխատանք գտնելու համար: Այդ ճամփորդության համար նրանք հատուկ խմբերի վճարում են խոշոր գումարներ՝ մինչև 3000 դոլար: