Սիրիահայերին տրված արտոնության ժամկետը երկարաձգվում է

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը: Մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:

Հաջորդ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների փաստացի գոյացող մուտքերի հաշվին և դրա սահմանում ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու, այդ մուտքերի ստացմանն առնչվող, ինչպես նաև ոստիկանության գործունեությանն անհրաժեշտ առանձին, այդ թվում` անհետաձգելի համարվող ծախսերի ֆինանսավորումն ապահովելու հանգամանքով:
Կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ լուծարելու որոշում. դրա նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առևտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն է:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից: Որոշման 2-րդ հավելվածում սահմանվել են հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Դրանց ներդրումը և դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կազմկոմիտեն գլխավորելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս