Նիկոլ Փաշինյան. Հիմա ի՞նչ անենք՝ եկեք մենք էլ ուղարկենք մեր օգնականներին
ԱԺ-ում շարունակվում է 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարությանը հատկացվելիք գումարների չափն ու հիմնավորումները: Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկա չէ: Նա շեշտեց, որ նախարարը պետք է ներկա լիներ հենց միայն այն պատճառով, որ իր անունը հրավիրյալների ցանկում տեղ էր գտել. «Ինչի՞ համար նա չի եկել: Նախորդ օրն էլ Տարոն Մարգարյանը չէր եկել: Հիմա ի՞նչ անենք՝ եկեք մենք էլ ուղարկենք մեր օգնականներին, ասենք՝ թող իրենք գան մեր փոխարեն: Մեկ ամիս առաջ իրենք գիտեն, որ գալու են, բայց հանկարծ այս օրը չեն գալիս: Եթե իրենք չեն հրավիրված, գրեք նրանց անունները, ովքեր հրավիրված են: Եթե հրավիրված են՝ ինչո՞ւ չկան, ներկա չեն:
ԱԺ-ի դերի բարձրացման մասին եք խոսում, բայց անարդյունք: Մի անգամ եկել է Նալբանդյանը և ոչ այնքան հաճելի խոսակցություն է եղել»:
Նիստը վարող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, թե համաձայն է պատգամավորի դիտարկման հետ, բայց խնդրեց հաշվի առնել, որ նրանք խիստ գրաֆիկ ունեն: «Պետք է ըմբռնումով մոտենալ, որ մեկ անգամով չեն սահմանափակվում հանդիպումները և պարտադիր չէ բոլոր հնարավոր միջոցառումներին մասնակցել՝ հաշվի առնելով, որ կան հրատապ խնդիրներ: Բայց սկզբունքային առումով համաձայն եմ Ձեզ հետ, ուղղակի հասկացեք, որ խիստ ծանր գրաֆիկով աշխատող մարդիկ են»: